Մարկ Ցուկերբերգը խոստացել է պաշտպանել մուսուլմանների իրավունքները
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հանդես է եկել` ի պաշտպանություն մուսլումանների, որոնք, Ցուկերբերգի կարծիքով, ճնշումների են ենթարկվում Փարիզում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո:
Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է կատարել այս մասին` խոստանալով պայքարել մահմեդականների իրավունքների պաշտպանության ու անվտանգ միջավայր ձևավորել:
Ցուկերբերգն իր գրառումով կարեկցանք է հայտնել այն մահմեդականների նկատմամբ, ովքեր կարող են անարդարացի խտրական վերաբերմունքի արժանանալ ուրիշ մարդկանց արարքների պատճառով:
«Լինելով հրեա`իմ ծնողներն ինձ սովորեցրել են, որ մենք պետք է պայքարենք ցանկացած հանրույթի վրա հարձակման դեմ: Անգամ եթե այսօր սպառնալիքը կոնկրետ մեզ չի ուղղված, ժամանակի ընթացքում ցանկացած մեկի ազատության նկատմամբ ոտնձգությունները կվնասեն բոլորիս»,-նշել է Ցուկերբերգն իր գրառման մեջ: