Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
Քննչական կոմիտեում այսօր հարցաքննության են կանչվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ, որոնք ավելի վաղ հաղորդում էին ներկայացրել ՔԿ իրենց որդիներին ճանաչել տուժող, իսկ իրենց տուժողի իրավահաջորդ:
Ծնողները հայտնեցին, որ հարցաքննվելու են 15 զոհված զինծառայողների ծնողներ։
Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանն ասաց, որ առաջինը ինքն է հարցաքննվել։
«Մեր հաղորդման հիման վրա մեր որդիներին ճանաչել են տուժող, իսկ մեզ՝ նրանց իրավահաջորդ։ Երբ կարդացի, թե որպես իրավահաջորդ մեզ ինչով են տուժող ճանաչել, այնտեղ գրված էր՝ «մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից տեղի ունեցած թերությունների հիվան վրա մեզ ճանաչել են տուժող»։ Ես ասացի, որ «մի խումբ պաշտոնատար անձը» վերացական է, ամենաբարձր պաշտոնատար անձը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, որն ինքնախոստովանական ցուցմունք է տվել ապրիլի 13-ին ԱԺ-ում, և դրա հիման վրա միակ մեղավոր ճանաչում ենք իրեն»,- ասաց նա։
Արա Ռոստոմյանի խոսքով՝ դրանից հետո քննիչին ներկայացրել են, որ Փաշինյանին անմիջապես ներգրավվեն որպես մեղադրյալ, հարցաքննեն և կալանավորեն, որից հետո թող գործընթացը շարունակվի։ «Իմ պահանջը դա էր»,- ասաց նա։
Նա միաժամանակ նշեց, որ նմանատիպ պահանջ ներկայացրել են այն ծնողները, որոնք ևս հարցաքննվել են։
Արա Ռոստոմյանն ասաց, որ երբ դիմել են Գլխավոր Դատախազություն և ծնողները միասնական պահանջել են, որ իրենց ճանաչեն որպես իրավահաջորդ, միայն դրանից հետո է գործը տեղի շարժվել։
Տեղեկացնենք, որ ծնողների շահերի ներկայացուցիչը Վահան Հովհաննիսյանն է։