Չարժեզրկել նրանց արյունը. Հակոբ Ավետյան
Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ անդրադարձավ գործող իշխանության ՝ տարբեր ոլորտներում ունեցած ձախողումներին։
Մասնավորապես, խոսելով գյուղատնտեսության ոլորտից, սահմանամերձ համայնքի ներկայացուցիչը պնդեց՝ կարծես դիտավորությամբ, պատերազմական այս իրավիճակում սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսությունն անտես են։
«Մինչ այս, ամեն տարի լինում էր պետության կողմից սուբսիդավորում։ Գյուղացիները կարողանում էին իրենց վար ու ցանքով զբաղվել։ Բայց այս տարի բացառապես ոչ մի օգնություն չեղավ։ Դա տանում է նրան, որ մարդիկ կարող են հրաժարվել գյուղատնտեսությունից, իսկ դրանից առաջացող հետևանքը լինելու է սահմանամերձ բնակավայրերը լքելը»,- ասաց նախկին համայնքապետը։
Ավետյանի խոսքով՝ ունենալով 44-օրյա պատերազմի ընթացքում այդքան զոհեր, պետք է լինել պահանջատեր ՝ թույլ չտալով, որ արժեզրկվի նրանց թափած արյունը։
«Այստեղ ներկա են սևազգեստ մայրերը։ Նրանք արդեն կորցրել են ամենաթանկը՝ հանուն հայրենիքի։ Նրանք այստեղ են, որ թույլ չտան մյուս մայրերն էլ արժանանան նույն ճակատագրին»։
Նա նշեց, որ պատերազմից հետո, լինելով Գեղամասար համայնքի ղեկավար, միշտ ունեցել է իր հստակ դիրքորոշումը և չի եղել այս իշխանությունների կամակատարը։
«Ունեցել ենք համայնքի ղեկավարներ, որոնք հետապնդումների ենթարկվեցին և ազատազրկվեցին։ Ես ողջունում եմ իրենց հայրենասիրությունը»,- ասաց Ավետյանն ու դիմեց այլ համայնքի ղեկավարներին․
«Համայնքի ղեկավարների այս շարժմանը միանալը կարող է մեծ հաջողություն բերել, իսկ չեզոք դիրք գրավելը մեր երկրի նկատմամբ հարգալից չէ։ Ես ինձ ոչ մեկից ուժեղ կամ առավել չեմ համարում, բայց կոչ եմ անում բոլորով համախմբվել»։
Նա նշեց, որ չի կարելի վստահել այս իշխանությանը, որը դարձել է Թուրքիայի կամակատարը։
«Ես չեմ վախենում ազատ արտահայտվելուց։Գերդասում եմ լինել ազատազրկված, քան գլուխ կախեմ և ամբողջ կյաանքում դատապարտվեմ անարժանապատվության»,- ասաց նա։