#GARoon. Փառատոնի մարզային մասնակիցների վերաբերյալ ուղեցույց՝ որտեղ, ինչ և ինչպես համտեսել
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի է ունենում #GARoon IV փառատոնը։ Մասնակից ռեստորանների շեֆ-խոհարարները ոչ միայն երկրի հյուրերին, այլեւ տեղի գուրմաններին տպավորելու համար արել են ամեն ինչ։ Կազմակերպիչների խոսքով, անսովոր համադրություններն ու մատուցումն արդեն գտել են իրենց ջերմ երկրպագուներին։
Այս տարի մասնակիցներից պահանջվում է ներկայացնել գառան մսով առնվազն 3 յուրահատուկ կերակրատեսակ։ Յուրաքանչյուր ճաշատեսակի հետ կմատուցվի Meyron Wine՝ «Արենի» տեսակի հայկական կարմիր չոր գինի Ռինդ գյուղից (Վայոց ձոր):
Կազմակերպիչները պատրաստել են փառատոնի մարզային մասնակիցների վերաբերյալ ուղեցույց՝ որտեղ, ինչ և ինչպես համտեսել:
Նախ դեպի զբոսաշրջային ինդուստրիայի կենտրոն՝ առողջարանային քաղաք Ծաղկաձոր։ Օրբելի, 20 հասցեում՝ «Կովկասի գերուհին» ռեստորանում, ձեզ սպասում է հայկական ավանդույթներին ծանոթանալու զարմանալի փորձ Baklachoff Collection-ի շնորհիվ: «Ապրելը լավ բան է, իսկ լավ ապրելը՝ առավել ևս»՝ սա պատահական կարգախոս չէ։ Լեռնային լանդշաֆտը և խաղաղ բնությունը անպայման կօգնեն համտեսի համար մի լավ ախորժակ բացել:
Խմբագրության ընտրությունը՝ Խուրջինների քարավան՝ մանր կտրատած գառան մսից կոտլետ՝ լոլիկով, գաղտնի համեմունքներով և նուրբ խմորով:
Դիլիջանն իրավամբ Հայաստանի երկրորդ գաստրոնոմիական մայրաքաղաքն է։ Տավուշի գողտրիկ տներում ապաստան են գտել ամենաանսպասելի համային համադրությունները: Մյասնիկյան 37/4 հասցեի կոլորիտային շենքում են գտնվում զարմանահրաշ Վարդա Ավետիսյանի երկու ռեստորանները։ Երկուսն էլ մասնակցում են փառատոնին, ուստի խոհարարները ստիպված են եղել մեծ ջանք թափել գառան մսի սիրահարներին տպավորելու համար։
«Թավա» ռեստորանում կերակուրները մատուցվում են անմիջապես աղյուսե վառարանի բոցկլտացող կրակի վրայից հանած թուջե թավաների մեջ: Ճաշացանկը և մթնոլորտը շատ բազմազան են, բայց միևնույն ժամանակ՝ շատ տեղական և ավանդական:
Խմբագրության ընտրությունը՝ Հայկական ԹԱՎԱ №2՝ աղյուսե վառարանում տապակած գառան չալաղաջ՝ հաճարով, ոսպով, ծիրանաչրով, մատուցվում է թարխունի պեստոյով և ծիրանի վինեգրետով:
«Կճուճ» ռեստորանում կավե ամանների մեջ մատուցվում են ոչ միայն խնամքով ընտրված տեղական բաղադրիչներով ճաշատեսակներ։ Դրանց շնորհիվ Հայաստանի Տավուշի մարզի խոհանոցային ավանդույթների իսկական արդիականացում և վերածնունդ է տեղի ունեցել։
Խմբագրության ընտրությունը՝ Գառան սրնքամիս՝ սև սալորով և մեղրով:
Դիլիջանի՝ շունչ կտրող, գրավիչ տեսարաններով հմայվելիս արագ կսովածանաք և կայցելեք նույն փողոցում գտնվող մեկ այլ մասնակցի՝ նշանավոր ռեստորատոր Ժիրայր Ավանյանի «ԻմՏուն» հյուրատուն-ռեստորանը Շահումյան,1 հասցեում։ Այստեղ ժամանակը կանգ է առնում, և դուք դառնում եք հայկական հեդոնիզմի սիրահար։ Թիմի կողմից խնամքով հավաքված լավագույն հայկական բաղադրատոմսերի ժամանակակից մատուցումը ռեստորանի այցեքարտն է:
Խմբագրության ընտրությունը՝ Գառան խաշլամա։
Առանց Արցախը ճանաչելու Հայաստանի հյուրընկալության ավանդույթները կիսատ կմնան։ Մեզ կօգնեն Քրիստին Բալայանը և Թումանյան 36 հասցեում գտնվող նրա հարմարավետ Tumanyan’s Art Wine House-ը։ Ջերմ հավաքույթները, հյուրընկալ օջախն ու ընտանեկան բաղադրատոմսերը Ստեփանակերտի սրտում գտնվող այս տաքուկ կղզյակի առավելությունների սոսկ թերի ցանկն են։
Խմբագրության ընտրությունը՝ Կավե ամանում շոգեխաշած գառան միս մատղաշ կարտոֆիլով։
Մաղթում ենք ձեզ համեղ ճանապարհորդություն:
Հարակից հրապարակումներ`
- GARoon. Որտեղ, ինչ և ինչպես համտեսել
- Ի՞նչ են համտեսել GARoon-ի հյուրերը
- Մայիսին #GARoon-ը դուրս կգա Երևանի սահմաններից և առաջին անգամ կանդրադառնա նաև սննդի և ժամանցի մարզային մեքքաներին
- Հայաստանում կանցկացվի ԳԱՌուն IV ֆուդ փառատոնը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան