Երևանի քաղաքապետարանի շենքի շրջափակումը՝ միջազգային մամուլի աչքերով
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի մասնակիցների կողմից երեկ Երևանի քաղաքապետարանի շենքի շրջափակմանն անդրադարձել են միջազգային մի քանի լրատվամիջոցներ։
Չնայած ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ բողոքի ակցիայի ընթացքում շենք չեն մտնում, AP-ն գրել է, որ ցուցարարները փորձել են գրոհով վերցնել քաղաքապետարանի շենքը, սակայն այն կասեցվել է ոստիկանության կողմից, մի քանի ժամից ոստիկանությանը հաջողվել է ցրել ցուցարարներին։
Նկատենք, որ քաղաքապետարանի շենքի շրջափակումն ավարտվեց առանց ոստիկանության միջամտության, պայքարի առաջնորդների որոշմամբ։
Ըստ AP-ի, երեկվա բողոքի գործողությանը մասնակցել է մի քանի հազար մարդ, որոնք, շրջափակելով քաղաքապետարանի շենքը, փորձել են պարտադրել Փաշինյանին հրաժարական տալ։
Նույն տեքստը հրապարակել է abcnews-ը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները Երևանում մեկնարկել են անցած ամսից, դրանք տեղի են ունենում ամեն օր։
«Ընդդիմության կողմնակիցները փակում են ճանապարհներ, շրջափակում կառավարական շենքեր՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանը կրկին բարկության թիրախ դարձավ այն բանից հետո, երբ խորհրդարանում խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին»,-գրում է աղբյուրը։
Այս երկու ԶԼՄ-ների հրապարակումը նույնությամբ կրկնել է նաև alarabiya-ն։
Երևանում տեղի ունեցած բողոքի գործողություններն ակտիվ լուսաբանել են ռուսական ԶԼՄ-ները։
«Ռիա Նովոստի»-ն գրել է, ընդդիմության կողմնակիցները հայտարարել են, որ իրենց նպատակը ոչ թե շենքը գրոհելն է, այլ շրջափակելը, լիդերները նշել են, որ իրենց բողոքի գործողությունը խաղաղ է, ոստիկանությանը կոչ են արել ուժ չկիրառել։
«ՏԱՍՍ»-ը մեջբերել է Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, ըստ որի, Երևանի քաղաքապետարանում սկսել են ազատել այն աշխատակիցներին, որոնք աջակցում են ընդդիմության շարժմանը։
«Հիմա կտեսնեք, թե ինչ է նշանակում ճնշում գործադրել մարդկանց վրա։ Մուտքերը կարգելափակենք այնքան, ինչքան ուզենք»,-հայտարարել է նա։
Իրավապահ մարմինների աշխատակիցները բարձրախոսով զգուշացնում էին բողոքի ակցիայի մասնակիցներին, որո իրենց գործողությունները խախտում են օրենքը։
Հարակից հրապարակումներ`
- «Ռիա Նովոստի». Երևանում երթին մասնակցել է մի քանի հազար մարդ, նրանց ուղեկցել է մի քանի հարյուր ոստիկան
- Ինչպես է միջազգային մամուլը լուսաբանել Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները
- BBC. «Փաշինյանը վաճառում է Հայաստանը». Ինչո՞ւ են Երևանում կրկին բողոքի ակցիաներ