Փաստաբանի հարցը մի քանի դատավորների. Այսպիսի՞ ապագա էիք պատկերացնում ձեզ համար, երբ ծաղկեփնջով գնում էիք առաջին դասարան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը չի հաստատել Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործը վերադարձրել է ՀՀ կոռուպցիոն կոմիտեին՝ լրացուցիչ նախաքննության համար: Քրեական գործը արդեն քննիչի մոտ է:
Պաշտպանության կողմին հայտնի է դարձել նաև, որ հսկող դատախազը իր որոշման մեջ գտել է, որ քրեական գործում իսպառ բացակայում են ապացույցներ այն մասին, որ Ա. Հակոբյանը կարող էր զբաղվել փողերի լվացմամբ:
Կրկնեմ՝ որևէ ապացույց չկա, անգամ «ծուռտիկ-մուռտիկ» մի կեղծ վկայի ցուցմունք:
Այս պնդումը մենք արել ենք դեռևս անցյալ տարի՝ Ա.Հակոբյանին կալանավորելու միջնորդության քննարկման ժամանակ, ինչպես նաև մինչ օրս մեր կողմից ներկայացվող բոլոր դատավարական փաստաթղթերում, և վերջնական համոզվել ենք, երբ ծանոթացման համար ստացանք քրեական գործի ամբողջ նյութերը:
Կոռուպցիոն կոմիտեն անհասկանալի համառությամբ, ես նույնիսկ կասեի անձնական ատելությամբ լցված, ամեն ինչ արել է և անում է, որ Ա.Հակոբյանը մնա կալանքի տակ: Հիմա արդեն վստահաբար կարող ենք պնդել, որ այս ամենի իրական պատճառները և նպատակները որևէ աղերս չունեն թե քրեական գործի հետ, թե իրավաբանական գիտության հետ առհասարակ:
Եթե կոռուպցիոն կոմիտեի հետ ամեն բան պարզ է և արդարության որևէ ակնկալիքներ չկան ու չեն կարող լինել, ապա հարցս, հռետորական, պարզապես ուղղեմ դատավորներ Ա. Շիրոյանին, Ա. Ալեքսանյանին, Կ. Բիշարյանին, Տ. Սիմոնյանին, Ա. Դանիելյանին և Ռ.Մխիթարյանին (չէ, դուք պարզապես տեսեք, թե ովքեր են Ա. Հակոբյանին կալանքի տակ պահել և արդեն ամեն ինչ պետք է որ պարզ լինի)՝ արդյո՞ք այսպիսի ապագա էիք պատկերացնում ձեզ համար, երբ օրինակ ծաղկեփունջով և ձեր ծնողի ձեռքը բռնած առաջին անգամ գնում էիք առաջին դասարան:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ա.Հակոբյանը դեռևս անազատության մեջ է»։
Նշենք, որ Արշակ Հակոբյանը եղել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը։ Անցած տարվա նոյեմբերին հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Ըստ քրեական գործի նյութերի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:
Հարակից հրապարակումներ`
- Արշակ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Արշակ Հակոբյանը չի հայտարարագրել տունը, եկամուտն ու մեքենաները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան