Արամ Փախչանյան. «Գիտուժ»-ում հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կունենա սթափություն ու չի կրճատի Հայաստանի ապագան
2021թ. պետական բյուջեից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։
2021 թվականի վերջին կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարը կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամով (~56%): Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունեցել նաև այս տարվա ապրիլի 7-ին՝ այս անգամ 295 մլն դրամով։
Կրճատումները խիստ մտահոգել են «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։
Արցախյան երրորդ պատերազմից հետո չվերանայված առաջնահերթությունների, գիտության ոլորտում կառավարության անթույլատրելի վարքի, դրա պատճառների ու հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ, «Գիտուժ» նախաձեռնության աջակից Արամ Փախչանյանի հետ։
Panorama.am-Պարոն Փախչանյան, Հայաստանի ու Արցախի համար աղետալի պատերազմից հետո ենթադրվում էր, որ պետությունը պետք է վերանայի իր առաջնահերթությունները՝ կարևորելով գիտությունը։ Եղա՞վ նման բան։
Արամ Փախչանյան-Ես կասեի՝ մասնակի։ Ավելացվեց գիտության ծախսերի ծավալը բյուջեում, որոշ ակտիվություն կա Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության պետական կոմիտեի կողմից։ Նախարարությունն էլ ինչ-որ քայլ է ձեռնարկում, բայց մենք տեսնում ենք որոշակի հետընթացներ, որոնք մեզ ծայրահեղ մտահոգում են։
Օրինակ, մեկ ու կես տարի Ռազմարդյունաբերության կոմիտեն ղեկավար չուներ։ Բացի այդ կրճատվել են ռազմարդյունաբերության հետազոտության համար ծախսվող գումարները։ Առաջին անգամ կրճատումը տեղի ունեցավ անցած տարվա վերջին, երբ դեռ եղածը կարելի էր վերագրել այն բանին, որ գոմարները չեն ծախսեվլ։ Բայց երբ այս տարվա ապրիլ ամսին են կրճատում, դա մտահոգիչ է։
Մենք շարունակում ենք պնդել, անգամ այն քայլերը, որոնք արվել են, հեռու են բավարար լինելուց, քանի որ դրնք ռազմավարական որևէ խնդիր չեն լուծում, չի երևում դրանց ռազմավարական հորիզոնը։
Մտահոգիչ է մնում այն, որ կառավարությունը հետևողականորեն դիմադրում է այն բանին, որ գիտության ֆինանսավորման նվազագույն շեմի վերաբերյալ պահանջն ընդգրկվի օրենքում, ոչ թե հատկացման չափը սահմանվի կառավարության որոշմամբ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կունենա սթափություն ու չի կրճատի Հայաստանի ապագան։
Գիտության ոլորտի ֆինանսավորման չափի մասին օրենսդրական պահանջն այդ ոլորտ մտնող մասնագետների համար պետք է լինի երաշխիք, որ վաղը իրենց աշխատավարձերը չեն կրճատվի, գիտության համահատկացված ծախսերը չեն նվազեցվի։ Այդ դեպքում արտերկրում ապրող մասնագետներն էլ, կարծում ենք, կգան Հայաստան աշխատելու՝ իմանալով, որ այն կյանքի կայուն ճանապարհ է, ոչ թե պայմանավորված է ինչ-ինչ իրողություններով ու հանգամանքներով։
Panorama.am-«Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների» ծրագրին տրամադրված գումաներների կրճատման մասին մինչ հրապարակային բարձրաձայնելը, կարծում եմ, Դուք պատճառների մասին խոսել եք կառավարության ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ հիմնավորումներ են ներկայացրել։
Արամ Փախչանյան-Գիտե՞ք, այդ հարցերը համարում են գաղտնիք։ Եթե անգամ նման հարցեր տայինք, դրանց պատասխանները չէինք կարող ստանալ, առավել ևս հրապարակել։ Ելնելով այն բանից, որ դրանք գաղտնի են, նման հարցեր չենք տվել, «Գիտուժ»-ը՝ որպես հասարակական կառույց որ մտահոգված է գիտության վիճակով, որ կարևորում է գիտության, տեխնոլոգիաների կիրառումը պաշտպանական ոլորտում, գիտությունը համարում է երկրի առաջնահերթություններից մեկը, այն դիտարկում է ոչ միայն երկրի զարգացման գրավական, այլև անվտանգության երաշխիք, նման ծայրահեղ խոցելի որոշումները մտահոգիչ է համարում։
Մենք ենթադրում էինք, որ այդ ֆինանսավորումը գնալով պետք է ավելանա, կառավարության ծրագրում նշված է, որ մինչև 2050 թվականը բանակը պետք է հզորանա, զինված ուժերը հորանան։ Աշխարհքաղաքական նման իրավիճակում այդ տրամաբանությանը լրիվ հակառակ քայլեր են արվում։
Panorama.am-Պարոն Փախչանյան, եթե մի կողմ դնենք գիտության ցածր ֆինանսավորման խնդիրը, կա՞ հստակ ռազմավարություն, քաղաքականություն, նպատակ յուրաքանչյուր ոլորտում, կա՞ պետության, կառավարության կողմից հստակ պատվեր, որոնց շրջանակում գիտնականը, գիտաշխատողը կարող է ներկայացնել իր ծրագիրն ու անելիքը։
Արամ Փախչանյան-Սա մեր երկրորդ մտահոգությունն է։ Մենք չենք տեսնում գիտության զարգացման հստակ ռազմավարություն։ Ժամանակն անցնում է, բայց մենք նույնիսկ դրա սևագիրը չենք տեսնում, չենք տեսնում այդ գործում ներգրավվածություն։ Եթե նույնիսկ նման գործընթաց կա, ապա այն չի գնում անհրաժեշտ տեմպով։ Դու չես կարող ունենալ կտրուկ առաջընթոց, եթե չունես հստակ նպատակ, ձևակերպված առաջնահերթություններ ու հրամայականներ։
Panorama.am-Եթե գիտությանը տրամադրվի բավարար ֆինանսավորում, լինի հստակ պատվեր, Հայաստանում կա՞ մասնագիտական ներուժ՝ այն իրականացնելու համար։
Արամ Փախչանյան-Գիտե՞ք, Հայաստանում շատ բան չկա։ Ես չեմ ասում, որ Հայաստանում գիտություն կամ գիտնականներ չկան, բայց այդ հարցի պատասխանով առաջնորդվելն անարդյունավետ բան է։ Չկան, ուրեմն պետք է լինեն։ Ինչպե՞ս։ Կան տարբեր լուծումներ, միջոցներ։ Եթե դու քո առջև նպատակ ես դնում՝ ունենալ, ապա սկսում ես մտածել, թե ինչպես։ Իսկ եթե մտածես, ի՞նչ կարող եմ անել, հետո սահմանես նպատակ, ապա արդյունքը կարող է չբավարարել քո պահանջներին։
Իմ պատկերացմամբ, մենք պետք է սահմանենք մեր առաջնահերթությունները, պետք է առկա ներուժին գործելու հնարավորություն տանք, իսկ եթե ինչ-որ ոլորտներում տեսնում ենք բացեր, ռեսուրսների պակաս, ապա պետք է մտածենք՝ ինչպես լրացնենք։ Աշխարհում կան հայտնի հայ գիտնականներ, ոչ հայ գիտնականներ, որոնք պատրաստ կլինեն մեզ հետ համագործակցել։ Եթե կա հստակ նպատակ, ապա դրան հասնելու ճանապարհը կգտնվի։
Panorama.am-Դուք կարո՞ղ եք նշել, որոնք հիմա պետք է դառնան առաջնահերթություններ Հայաստանի համար։
Արամ Փախչանյան-«Գիտուժ» նախաձեռնությունը չի փորձում փոխարինել Գիտությունների ազգային ակադեմիային, Գիտության պետական կոմիտեին, փորձագիտական կառույցներին, չի փորձում սահմանել գիտական հետազոտություններն ու դրանց շրջանակը։ Առաջնահերթությունները պետք է սահմանեն այդ կառույցները։ Մենք չենք կարող այդ կառույցների փոխարեն գործել։ Այս պահին ինչ էլ առաջարկեմ, կլինի մակերեսային, առանց խոր հետազոտական աշխատանքի մի բան։
Բայց բնական է, որ որոշ պարտադիր նախադրյալների մասին «Գիտուժ»-ը խոսում է։ Դրանցից մեկն էլ հստակ, հաստատված, կայուն ու երկարաժամկետ ֆինանսավորումն է, ինչպես նաև դրան համահունչ, Հայաստանի պահանջներից բխող ռազմավարության մշակումը։ Այդ երկու բաղադրիչները, երբ կառուցվեն, ապա Ձեր հարցին կունենամ պատասխան։ Այդ բաղադրիչներն ունենալու համար բավականին ջանք, աշխատանք է պետք կատարել։ Մենք այդ աշխատանքին պատրաստ ենք միանալ, աջակցել։
«Գիտուժ» նախաձեռնությունում հավաքվածները գիտնականներ չեն, մենք տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ենք, որոնք կարևորում են գիտության զարգացումը, բայց բոլորս էլ ունենք բավականին մեծ փորձ ռազմավարություն մշակելու։ Այդ պրոցեսում մենք կարող ենք օգնել, բայց վերջնական որոշումները պետք է կայացնեն այն մարդիկ, որոնք իրականացնելու են՝ ԳԱԱ-ն իր ինստիտուտներով, կառավարությունը, Գիտության պետական կոմիտեն, Ռազամարդյունաբերական կոմիտեն։ Այս բոլորը պետք է լինեն այդ պրոցեսի ակտիվ մասնակիցները, բայց մենք նման պրոցես չենք տեսնում։
Panorama.am-Ո՞րն է նման գործընթացի բացակայության պատճառը։
Արամ Փախչանյան-Օրեր առաջ մեր հրավիրած ասուլիսի ժամանակ «Գիտուժ» նախաձեռնության անդամներից մեր գործընկեր Գևորգ Սաֆարյանն անդրադարձավ այդ հարցին։ Նա ասաց՝ մենք այստեղ տեսնում ենք երկու հնարավոր պատճառ. մեկը՝ գիտակցված, ցանկության բացակայությունն է, մյուսը՝ ցանկությունը կա, բայց չգիտեն ինչպես անել, կարողություններ չունեն այն մարդիկ ու այն անձինք, որոնք պետք է իրականացնեն այդ գործընթացը։ Ասածներից ո՞րն է իրատեսական։ Չեմ կարող ասել։ Ես չունեմ դրա պատասխանը։
Ցավալի կլինի, եթե լինի առաջինը։ Եթե երկրորդն է, էլի ցավալի է, բայց գոնե լուծելի է։
Այս պահին հետևելով զարգացումներին՝ «Գիտուժ»ը վերստին փաստեց, որ մենք չենք կարող լռել, պետք է բարձրաձայնենք ու կարևորենք, քանի որ քաղաքական պրոցեսները կարող են անընդհատ լինել, ինչ-որ բաներ փոխվել կամ չփոխվել, բայց եթե մենք անընդհատ չզբաղվենք գիտության հարցերով, մեր խնդիրներին հիմնավոր լուծում չեն տրվի։ Մենք կմնանք առանց հեռանկարի ու ապագա չունեցող պետություն։
21-րդ դարը գիտության, տեխնոլոգիաների դար է։ Այն երկրները, որ այդ գործընթացին մասնակցում են, կունենան տնտեսական հաջողություններ, լավ անվտանգություն, աշխարհին կտան մարդկային ռեսուրսներ։ Իսկ այն երկրները, որ չեն կարողանա դրան մասնակցել, կմնան որպես զուտ սպառող, որ գումար են խնդրում իրենց անհրաժեշտ առաջնային կարիքները հոգալու համար։ Այդ երկրները դատապարտված են։
Հայաստանն ամեն տարի պարտք է վերցնում, որ աշխատացնի իր տնտեսությունը։ Քանի՞ տարի ենք դեռ պարտք վերցնելու, ի՞նչ ենք անելու այդ պարտքի հետ, ո՞ւմ վրա ենք թողնելու։ Եթե այսօր այդ հարցերը մեզ չհուզեն, վաղը մենք դրանց պատասխանները չենք ունենա, որքան էլ ջանանք։
Հարակից հրապարակումներ`
- «Գիտուժ». Առանց պետական նպատակների հստակեցման և գիտության զարգացմանը միտված հավակնոտ ռազմավարական ծրագրերի անհնար կլինի Հայաստանի անվտանգության ապահովումը ու թռիչքաձեւ զարգացումը
- «Գիտուժ»-ի օրեցօր աճող համայնքն անընդունելի է համարում ցանկացած հապաղում այս կենսական հարցում
- Արամ Փախչանյան. Գիտության վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են
- Արամ Ջիվանյան. Գիտության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն առաջարկելիս հաշվի առե՞լ են ռիսկերը
- «Գիտուժ». Նախատեսված օրենսդրական փոփոխությունները կարող են լրջագույն վնաս հասցնել գիտական արդյունքի աճին միտված գործընթացին
- Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին
- «Գիտուժ». Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- «Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան