Պատգամավորական մանդատը գիտեք ինչքան երկրորդական է, մենք ժողովրդի մանդատն ունենք. Սաղաթելյանը
«Մենք շրջափակել ենք կառավարության շենքը, որովհետև նախարարությունները և պետական կառավարման համակարգն այլևս չի սպասարկում հայ ժողովրդի շահերը»,- կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր ելքերն ու մուտքերը շրջափակելուց հետո հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց հանրային ծառայողներին՝ տուրք չտալ նախարարիների և ինչ-որ պաշտոնյաների սպառնալիքներին, միանալ ժողովրդի պայքարին. «Որևէ մեկը չի կարող ձեզ սպառնալ աշխատանքից ազատել կամ ճնշումներ գործադրել։ Մենք շատ շուտով միասին դրանց բոլորին հեռացնելու ենք աշխատանքից»։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ կառավարության շենք մտնելու ցանկություն չունեն։
«Բազմաթիվ անգամ ասել ենք, որ պետական կառավարման համակարգն այլևս չի սպասարկվում, մեր հանրային ծառայողների վրա լուրջ ճնշումններ են գործադրում այս ուսապարկերը։ Նույնիսկ եթե հանրային ծառայողների բարեկամները մասնակցում են հանրահավաքներին, իրենց աշխատանքից ազատում են։ Նախ, այսպես աջակցություն ենք հայտնում նրանց, որ մենակ չեն, դուրս գան, միանան այս պայքարին։
Երկրորդ՝ պետական շենքերն արգելափակելով ցույց ենք տալիս, որ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ այս գործընթացը լինելու է պարբերաբար, մինչև հասնեն այն կետին, որ այլևս պետական կառավարման համակարգը չծառայի Նիկոլ Փաշինյանին։
Ի.Սաղաթելյանը այն կարծիքին է, որ շատ մոտ է իշխանափոխությունը։
«Հայ ժողովուրդը ոտքի է կանգնել։ Բոլոր այն խոսակցությունները, որ շարժումը կմարի, եթե հանկարծ երկար տևի, մարդիկ այլևս դուրս չեն գա, հիմա էլ փաստ է և ապացույց, որ այս շարժումը որևէ կերպ հնարավոր չէ կասեցնել»,- ասա նա։
Հարցին՝ ինչո՞ւ առավոտյան կառավարությանը շենքը չշրջափակեցին, որտեղ կառավարության նիստն էր ընթանում, Փաշինյանն ու կառավարության անդամներն այնտեղ էին, նա պատասխանեց. «Դա էլ կանենք, հանգիստ եղեք։ Ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակը և օրը։
Ունենք քայլերի ու գործողությունների ծրագիր, հետևողականորեն իրականացնում ենք։ Այդ օրն էլ կգա»։
Նա նշեց, երբ իրազեկման ակցիաների ժամանակ քաղաքացիները շատ են լինում, ոստիկանները չեն կարողանում դիմել ճնշումների, ապօրինությունների։
«Մեր նպատակն է ինչ-որ պահի հասնել այն աստիճանի, որ զեկուցեն՝ այլևս երկրում կա լիարժեք երկիշխանություն, որը հնարավոր չէ որևէ կերպ կասեցնել։ Մենք ամբողջությամբ այդ գծի մեջ ենք։ Հետևողականորեն պայքարն առաջ է գնում։
Իշխանափոխության բանաձևը սա է՝ կա հանրային պահանջ, այդ հանրային պահանջը գործնականում փողոցում ձևակերպել ու տուն ճանապարհել։ Այս պրոցեսի մեջ ենք»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցին՝ ԱԺ վերադառնալո՞ւ եք, մամուլում տեղեկատվություն կա, որ ուզում են ձեզ զրկել պատգամավորական մանդատից՝ հաշվի առնելով բացակայությունները, Սաղաթելյանն ասաց. «Այդ մանդատը գիտեք ինչքան երկրորդական է։ Մենք ժողովրդի մանդատն ունենք։ Իրավիճակ է փոխվել, մարդիկ իրավիճակին չեն տիրապետում։ Ես պատգամավոր կլինեմ, թե չեմ լինի, գիտեք ինչքան երկրորդական է այս ամեն ինչի մեջ, ինչ որ գոյություն ունի։ Մենք գիտենք ինչի մեջ ենք մտել ու ինչի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքը
- Ֆրանսիայի հրապարակից՝ Մաշտոցի պողոտայով սկսվեց երթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան