«Լինսի» հիմնադրամով կառուցված ճանապարհը հիմնանորոգվում է 15 տարի անց, ՀՀ բյուջեով կառուցվածը՝ մեկ տարի անց
«Ընդհանուր առմամբ նախատեսվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 4 մլրդ 750 մլն դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 4 մլրդ 536 մլն դրամ, նախագծման աշխատանքների համար 76 մլն դրամ, փորձաքննական ծառայությունների համար՝ 16 մլն դրամ, տեխնիկական հսկողության համար 86 մլն դրամ և հեղինակային հսկողության համար 34 մլն դրամ»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախարարությանը հերթական գումարը փոխանցելու նախագիծը:
Ըստ նախարարի՝ նախագծով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման ծրագրի շրջանակներում 2022 թվականին իրականացվող շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, ինչպես նաև նախագծահաշվարկային փաստաթղթերի փորձաքննական ծառայությունների ձեռքբերման համար:
Նրա խոսքով՝ հաստատված ցանկից 7 օբյեկտը նախորդ տարվանից են փոխանցվել, որոնք կամ ավարտական փուլում են, կամ որոշակի աշխատանքներ անելուց հետո կավարտվեն, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3-ը՝ նախագծման փուլում են և 43 օբյեկտի համար 16 մլն դրամ է հատկացվում փորձաքննության ծառայության համար:
«Վերջին տարիների ընթացքում ճանապարհների որակի առումով մենք էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ և ես հույս ունեմ, ավելի ճիշտ՝ ոչ թե հույս ունեմ, այլ վերջին անգամ, երբ ես գնացել եմ այդ ճանապարհով, արդեն տեսնում եմ, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էական որակական փոփոխություններ կունենանք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ գումարի մի մասը հատկացվում է հենց Վարդավանք-Խդրանց-Ագարակ 13 կմ նորակառույց ճանապարհի հիմնանորոգման նպատակով:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով նոր կառուցված ճանապարհի էական վատ որակի մասին և այստեղ դժվար է պատկերացնել, թե նախատեսված գումարների պայմաններում ինչպես է հնարավոր անորակ ճանապարհ կառուցել: Մամուլում նաև պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում ճանապարհաշինական տենդերների շահողների շրջանակների մասին:
Հիշեցնենք, որ «Լինսի» հիմնադրամի գումարներով կառուցված Հոռոմ-Արագած մոտ 50 կմ ավտոճանապարհի հիմնանորոգումը սկսվել է 2021 թվականին՝ այն կառուցելուց 15 տարի անց, իսկ ՀՀ պետական բյուջեից հատկացված միլիարդավոր դրամներով կառուցված ճանապարհի համար կրկին բյուջեցից միլիարդավոր դրամներ է հատկացվում կառուցումից մի քանի ամիս անց այն հիմնանորոգելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի օգնականն ընդգրկվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուներին ընտրող մրցութային հանձնաժողովում
- Գործադիրն այսօր կորոշի վաղաժամկետ դադարեցնել Թալին համայնքի ավագանու լիազորությունները
- Կառավարությունն այսօր լրացուցիչ 333.6 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին՝ արտաքին անվտանգությունն ապահովող ՊՆ-ի փոխարեն
- Գործադիրը փորձում է նվազեցնել հեղուկ վառելիքի առևտրի կետերում արձանագրվող թերլցման դեպքերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին