Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն առաջին եռամսյակում աճել է 20.4%-ով. ՀԲՄ
2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 147 ՀՀ դրամ-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.4%։ Այս մասին հայտարարել է Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
«Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 15.4%-ով` հատելով 1.099 մլրդ ՀՀ դրամի սահմանը։ Այս ցուցանիշը հանդիսանում է էական գործոն բանկային համակարգի կայունության ապահովման և սթրեսային իրավիճակների դիմակայման և հաղթահարման համար։ Պետք է նաև նշել, որ երկարաժամկետ հատվածում բանկերի սեփականատերերը շարունակաբար ավելացնում են բանկերի կապիտալը»,-նշել է Սեյրան Սարգսյանը։
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ակտիվների մասով ևս աճի դինամիկան պահպանվում է։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 97 մլրդ դրամով կամ 1.4%-ով՝ կազմելով 7168 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.6%:
Վարկային ներդրումներն էլ այս տարվա առաջին եռամսյակում աճել են շուրջ 123 մլրդ դրամով կամ 3.1%-ով։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 46%-ը (1 898 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 44%-ը՝ (1 802 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 10%-ը՝ (438 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի դիտարկմամբ՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի մասով վարկային ներդրումներն աճել են։
«Եթե վարկային պորտֆելի ցուցանիշը դիտարկենք տարբեր տարիների համեմատության մեջ, ապա կտեսնենք, որ մասնավորապես 2014-2015թթ․ միջազգային ճգնաժամով պայմանավորված այս ցուցանիշի մասով 2015թ․ունեցել ենք նվազում։
Այնուհետև հաջորդող տարիներին աճի տեմպը սկսեց վերականգնվել։ 2021թ․-ին բոլորիս հայտնի պատճառներով վարկային ներդրումները նվազեցին, սակայն արդեն այս տարվա առաջին եռամսյակի տվյալները թույլ են տալիս ասելու, որ գրանցված աճը բեկումնային կլինի և խթան կհանդիսանա հետագա շարունակական աճի համար։
Եվս մեկ կարևոր հանգամանք՝ եթե 2021թ․ տարեվերջին աճը միայն հիպոթեքային, շինարարության և գյուղատնտեսության վարկավորման ուղղություններով էր, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի մասով վարկավորման ծավալներն աճել են»,-ընդգծել է ՀԲՄ գործադիր տնօրենը։
Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ս․Սարգսյանը տեղեկացրել է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 55%, արտարժույթով վարկերինը՝ 45%:
Ինչ վերաբերում է ավանդներին, ապա ընդհանուր ավանդները 2022թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 42 մլրդ դրամով կամ 1.04%-ով. նվազում գրանցվել է ոչ ռեզիդենտների մասով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ավանդներն ավելացել 281 մլրդ դրամով կամ 7.6%-ով:
ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ վերջին 2 եռամսյակների ընթացքում դրամով և արտարժույթով ավանդների ծավալները հավասարվել են (50/50), ինչը վկայում է այն մասին, որ արտարժութային տատանումների և անորոշության պայմաններում հաճախորդները դրսևորում են ճիշտ վարքագիծ` խնայողությունները պահելով տարբեր արժույթներով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան