Գործադիրն այսօր կորոշի վաղաժամկետ դադարեցնել Թալին համայնքի ավագանու լիազորությունները
Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է 49 հարց, որից զեկուցվող է միայն 3-ը:
Չզեկուցվող նախագծերից մեկով գործադիրը վաղաժամկետ կդադարեցնի Թալին համայնքի ավագանու լիազորությունները:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի է ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն:
Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի №44-Ա որոշման համաձայն՝ Թալին համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև.
1) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 6 մանդատ.
2) «Հայք» լիբերալ կուսակցություն՝ 3 մանդատ.
3) «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ,
4) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 10 մանդատ:
Ս.թ. դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընդունվել է ավագանու թիվ 02-Ա որոշումը, որի համաձայն՝ Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ»:
Ս.թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:
Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե`
1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում»:
Այդ ժամկետը լրացել է ս.թ. մայիսի 8-ին»:
Որոշմամաբ գործադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր լրացուցիչ 333.6 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին՝ արտաքին անվտանգությունն ապահովող ՊՆ-ի փոխարեն
- Թալինի ավագանու խմբակցություններ. Մասնակցելու ենք ավագանու նիստերին
- Դատարանը քննում է Թալինում ՔՊ-ականին ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու հարցը
- Թալինում կրքերը չեն հանդարտվում. «Զարթոնք»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան