Դա Իրանի հայելային պատասխանն է Հայաստանին. տնտեսագետ
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Իրանը չեղյալ է հայտարարել 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, և մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած մեքենա պետք է վճարի 120 դոլար:
Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը որոշումը հիմնավորվել է նրանով, որ հայկական կողմը չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոմեքենաներից, և 2021թ. սկզբից միակողմանի չեղարկել է Մեղրիի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ որոշմանը, նշեց, որ հիմնավորումն այն է՝ հայկական կողմը չի պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունը և, ըստ էության, Իրանը հայելային քայլ է իրականացնում։
Տնտեսագետը կարծում է, որ այս որոշման արդյունքում Հայաստանից Իրան մեկնող բեռնատարների տրանսպորտային ծախսերը կավելանան։ Սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ Հայաստան-Իրան, Իրան-Հայաստան բեռնափոխադրումները հիմնականում իրականացվում են իրանական բեռնատարներով, այսինքն՝ Իրան բեռներ տեղափոխող հայկական բեռնատարները քիչ են։
«Երբ հայկական կողմը որոշում էր կայացրել, որ Հայաստանն ու Իրանը գումար չեն գանձի բեռներ տեղափոխելու համար, ըստ էության, այստեղ ավելի շատ իրանական կողմն էր շահում, քանի որ նրանց բեռնատարներն ավելի շատ են գալիս դեպի Հայաստան։ Իրականում իրանական բեռնափոխադրման ծառայություններն ավելի մատչելի են, քան մերը։ Բացի այդ, Իրանով բեռնափոխադրումներ իրականացնելիս խնդիրներ են ի հայտ գալիս։ Բազմաթիվ տնտեսվարողներից գիտեմ, որ նրանք նախընտրում են Իրանի տարածքով բեռներ տեղափոխել հենց իրանական կազմակերպությունների միջոցով, այդ դեպքում խնդիրներն անհամեմատ ավելի քիչ են»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Այս դեպքում, ինչպես նշում է տնտեսագետը, հիմնականում կտուժեն հայկական այն ընկերությունները, որոնք իրենք են բեռներ տեղափոխում Իրան, այսինքն՝ նրանց ծառայությունները կթանկանան։
Հարցին, թե այս որոշումով կարող են հետևություն անել, որ Իրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է, Սուրեն Պարսյանն ասաց, որ այդ կարծիքին չէ, քանի որ դա այնպիսի գլոբալ թեմա չէ, որ Իրանի վերաբերմունքը փոխվի։
«Իրականում այս իրավիճակից Հայաստանն է շահելու, պետական բյուջե ավելի շատ գումար է մտնելու։ Օրինակ, եթե Հայաստանի տարածք մտնում է 100 իրանական բեռնատար, իսկ Իրան՝ հինգ հայկական բեռնատար, բնականաբար, մեր բյուջե ավելի շատ գումար է մտնում։ Կարծում եմ, որ հայկական կողմի քաղաքականությունը ֆիսկալ նպատակ է հետապնդել՝ տեսնելով, որ իրանական բեռնատարներն անհամեմատ շատ են, մտածել են՝ այդ գումարից չհրաժարվել»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին