Հերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ. Վահե Հակոբյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը գրում է.
«Հերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ
Ուրեմն, Հայաստանի բարեկամ, Եվրոպական խորհրդարանի անդամ Լարս Պատրիկ Բերգը (ECR, Գերմանիա) նախաձեռնել է Բրյուսելում կազմակերպել Հայաստանին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու և ելույթով հանդես գալու հրավեր է ուղարկվել նաև ինձ՝ որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Արման Եղոյանին՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ:
ԱԺ աշխատակազմը չգիտես ինչու այս հարցով դիմել է ԱԳՆ-ին, ինչին ի պատասխան ԱԳՆ-ից գրություն են ուղարկել, որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Լարս Պատրիկ Բերգը մինչ 2021թ. անդամակցել է ծայրահեղական համարվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը և համապատասխանաբար Եվրոպական խորհրդարանում համանման համբավ ունեցող «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությանը, իսկ ներկայումս անդամակցելով «Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների» խմբակցությանը չի հանդիսանում վերջինումս առանցքային դերակատար։ Նշյալ ծայրահեղական հայացքներ ունեցող ԵԽ պատգամավորի հետ շփումները կարող են բացասաբար ազդել Հայաստան - Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության վրա»։ ԱԳՆ նամակը կցվում է:
Այս տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն վարելն ուղղակի թյուրիմացություն է: Այլ կերպ, քան ԱԳՆ-ի կողմից եվրոպական արժեհամակարգի հանդեպ անարգանք, եվրոպական ինստիտուտների մասին մինիմալ գիտելիքների բացակայություն և դիլետանտիզմ սա անվանել դժվար է:
ԲԱՅՑ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ՝ դրանից ընդամենը մոտ 2 ամիս առաջ՝մարտի 23-ին, ԱԳՆ-ն ևս մեկ նամակ է ուղարկել ԱԺ, որտեղ մանրամասն ներկայացրել է Լարս Պատրիկ Բերգի հայամետ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում, մանրամասներ հաղորդել Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դեսպան Աննա Աղաջանյանի հետ նրա հանդիպումներից և տեղեկացրել պատրաստվող կլոր սեղան-քննարկման մասին: Կրկնեմ՝ ՆՈՒՅՆ ԱԳՆ-ն:
Հ.Գ. Կլոր սեղան-քննարկումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է, կայանալու է հունիսին և ես, իհարկե, մասնակցելու եմ միջոցառմանը»։
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը կողմ է արտահայտվել ԵԽ-ում՝ Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում Սիրիայից վարձկանների ներգրավման, միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման, մասով հետաքննություն սկսելու, բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ ուսումնասիրելու, հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը բարձրաձայնելու անհրաժեշտությանը:
Լարս Պատրիկ Բերգը՝ գլխավոր լուսանկարում։