Վերջին տարիներին կապիտուլացված ուժերը խարխլել են Հայաստանի ներքին անվտանգային համակարգը. Արտակ Զաքարյան
Վերջին 3-4 տարիներին կապիտուլացված ուժերը խարխլել են Հայաստանի ներքին անվտանգային համակարգը, որը բազմաթիվ սպառնալիքներ է առաջացրել երկրի ներսում։ Այս մասին անվտանգության թեմայով մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարեց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ սպառնալիքներն ի հայտ են եկել և տեղեկատվական, և հանրային կոնսոլիդացիայի դաշտում։
«Պետությունը վերածել են բդեշխության, մեկ անձի կառավարման, որի տգետ քմահաճույքներից կախված է նաև յուրաքանչյուրիս նկատմամբ գոյություն ունեցող սպառնալիքներն ու մարտահրավերները»,- ընդգծեց նա։
Հաջորդ սպառնալիքն, ըստ Արտակ Զաքարյանի, կապված է գլոբալ զարգացումների հետ։
Նրա խոսքով՝ 1974 թ-ին ստեղծված աշխարհակարգն աստիճանաբար խարխլվում է, և միջազգային անվտանգային մեխանիզմներն այլևս չեն պատասխանում գլոբալ անվտանգության հարցերին։
«Մեր կարգի պետությունների համար, որոնք ավելի շատ անվտանգության սպառող են, քան արտադրող, թեև նախորդ տարիներին Հայաստանը բացի սպառելուց նաև անվտանգություն է ստեղծել՝ տարածաշրջանում կոնկրետ հայկական ԶՈւ-ի միջոցով հստակ անվտանգային դերակատարություն իրականացնելով, ինչն այսօր, ցավոք, չկա, ուստի, որպես անվտանգությունը սպառող պետություն մենք պետք է կարողանանք նոր աշխարհակարգում գտնենք մեր տեղն ու դերը»,- ասաց նա։
Դրա համար, ըստ ԱՐտակ Զաքարյանի, պետք է ամբողջությամբ վերանայել և փոխել ազգային անվտանգության ռազմավարությունը։ Նրա խոսքով՝ այն ռազմավարությունը, որը գործող իշխանությունները գրել են 2020 թվականի ամռանը և իբրև թե ընդունեցին՝ շոուի վերածելով, այսօր որևէ կերպ չի պատասխանում ՀՀ քաղաքացու և ներքին, և արտաքին ավտանգության խնդիրներին։
Հաջորդ խնդիրն Արցախի շուրջ գոյություն ունեցող ռազմաքաղաքական և դիվանագիտական իրավիճակն է, որն այսօր, Արտակ Զաքարյանի գնահատմամբ, քաոտիկ բնույթ ունի, քանի որ ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն կարողանում հստակեցնել իրենց դիրքորոշումը և այդ ուղղությամբ աշխատանքներ տանել միջազգային հանրության հետ։
«Կառավարության ծրագրում մեկ այլ բան է գրված, իրենց ելույթներում բոլորովին այլ բան են ասում։ Արևմուտքի և մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններում անընդհատ նկատվում է անկայունություն և փոփոխականություն այս իշխանությունների կողմից։ Եւ օպերատիվ իրավիճակից դուրս պլստալու համար անընդհատ հակասական հայտարարություններ անելը, բնականաբար, շատ բացասական է անդրադառնում մեր անվտանգային միջավայրի մթնոլորտի վրա։ Հետևաբար, մեր դիվանագիտական կորպուսում պետք է ամբողջությամբ ներառվի անվտանգային խնդիրների ամբողջական փաթեթ»,- նշեց նա։
Արտակ Զաքարյանն ասաց, որ, որպես պետություն, պետք է կարողանանք աշխարհին համոզել, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի որ Ադրբեջանն իր դիվանագիտական խողովակներով տանում է այն թեզը, որ Հայաստանի հետ այլևս չունեն ոչ մի հակամարտություն, Արցախյան հարց գոյություն չունի, իսկ Հայաստանի դիվանագիտական կորպուսի կողմից չկա ադեկվատ բացատրություն այդ հարցին։
«Դրա համար աշխարհը միակողմանիորեն աստիճանաբար ընդունում է Ադրբեջանի դիրքորոշումը և հետագայում շատ բարդ է լինելու Մինսկի խմբի կամ ԵԱՀԿ-ի միջազգային անվտանգության համար պատասխանատու որևէ կառույցի միջոցով նորից վերադառնալ բանակցային այն օրակարգին, որի շնորհիվ Արցախը պետք է կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը՝ լինելով անվտանգության գոտում»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան