Եթե ունենանք բանիմաց ղեկավարություն, կկարողանանք Զինված ուժերում բարեփոխումներ իրականացնել. Տիրան Խաչատրյան
Եթե ունենանք մտածող, կամակերպված, բանիմաց ղեկավարություն, ապա կկարողանանք Զինված ուժերում բարեփոխումներ իրականացնել։ Այս մասին անվտանգության թեմայով մասնագիտական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Մինչդեռ, ըստ նրա, մշակում են ազգային անվտանգության ռազմավարություն՝ առանց հաշվի առնելու այդ անվտանգությունն իրականացնող ուժերի կարծիքը։ «Եթե մասնագետների կարծիքը հաշվի չեն առնում, ապա ինչպիսին կարող է լինել այդ ռազմավարությունը»,- ընդգծեց նա։
Տիրան Խաչատրյանի խոսքով՝ այդ ռազմավարությունը մշակել են մարդիկ, որոնք մասնագետներ չեն, «օդից» վերցրած ինչ-որ բաներ են գրել, սակայն այս կամ այն մոդելով ղեկավարվելը սխալ է։
«Ի վերջո պետք է հասկանանք, որ իրադրություն է փոխվել ու ուսուցման այն ծրագրերը, մոտեցումները, որոնք նախկինում են գործել, պետք է վերանայվեն։ Բայց արդյոք վերանայվել են, իհարկե՝ ոչ»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այսօր ուշադրություն չեն դարձնում ֆիզիկական, իրավական, առողջապահական, սոցիալական պաշտպանվածությանը, ինչը շատ ցավոտ հարց է հատկապես զինվորական անձնակազմի համար։
Ինչ վերաբերում է Զինված ուժերին, Տիրան Խաչատրյանն ասաց, որ իրադրության փոփոխությունից հետո հստակ խնդիրներ են դրվել՝ ըստ ուղղությունների, գոտիների, որոշ տեղերում դա շատ լավ կազմակերպվել է, որոշ տեղերում թերություններ են եղել։
«Այն տեղերում, որտեղ հստակ առաջադրանքները կատարվում էին, այդտեղ խնդիր չենք ունեցել, իսկ այն տեղերում, որտեղ հարցերը մատների արանքով էին նայում, մենք խնդիրներ ունեինք։
Իրականում պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանապարհով: Ինչպես ընթանում է քաղաքական ճանապարհը, այնպես էլ պատերազմը վարող ուժերն են դա տանում»,- նշեց նա։
Տիրան Խաչատրյանի խոսքով՝ պատերազմում զինված ուժերի դերակատարումը ընդամենը 12-15% է։ «Այստեղ անդրադառնալ ԶՈւ-ին՝ առանց հաշվի առնելու մյուս աջակից ուժերին, կառավարման համակարգին, ճիշտ չէ։ Պետք է հաշվի առնել, որ խնդիրն առաջադրելուց առաջ պաշտոնատար անձը կամ պատասխանատուն պետք է հասկանա՝ ում առջև այդ խնդիրը դնում է, արդյոք նա ի զորու է դա իրականացնել, թե ոչ։
Ես հիմա էլ ասում եմ, որ այս իրավիճակում մտնել լայնածավալ պատերազմի մեջ, անհեթեթություն է։ Այս առումով էլ է պետք նոր ռազմավարություն մշակել, բայց առանձին ուղղություններով»,- ասաց նա։