Համո Սահյանի արխիվը չի վաճառվի
Բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, ներկայացրել իրեն հուզող հարցերը, դժգոհությունները: Նախարարն ասել է, որ բոլոր հարցերը կլուծվեն: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նաիրի Սահյանը:
«Հանդիպեցի նախարարի հետ, ներկայացրեցի ինձ հուզող հարցերը: Նախարարն ինձ լսեց, ասաց, որ իրենք բոլոր հարցերը կլուծեն, խնդրեց չվաճառել Համո Սահյանի արխիվը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ն. Սահյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ստիպված որոշել է վաճառքի հանել հոր անտիպ արխիվը, որպեսզի ստացված գումարով վերականգնի Երևանի Կասյան 3 շենքի պատին տեղադրված Համո Սահյանի հուշատախտակը, իսկ Լոր գյուղում բացի Սահյանի թանգարանը:
Բանաստեղծի որդու փոխանցմամբ, նախարարը հստակ ժամկետներ չի նշել, թե երբ կլուծվեն այդ հարցերը, ասել է, որ 2016-ի գարնանը տուն-թանգարանը պատրաստ կլինի, նաև կփոխեն հուշատախտակը:
«Ես չէի ուզում վաճառել արխիվը: Պատճառը միայն այն էր, որ ուզում էի այդ աշխատանքներն ավարտել: Եթե իրենք անեն, տա Աստված, Համո Սահյանի արխիվը ես կնվիրեմ Գրականության ինստիտուտի արխիվին»,- ասաց Ն.Սահյանը:
Հ. Սահյանի արխիվում ընդգրկված են Գուրգեն Մահարու, Պարույր Սևակի, Գեղամ Սարյանի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Գևորգ Էմինի, Գարեգին Սևունցի, Անդրեյ Տարկովսկու` Համո Սահյանին ուղղված անտիպ նամակների բնօրինակներ, ինչպես նաև Սահյանի անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում հոդվածներ և այլն:
Հարակից հրապարակումներ`
- Համո Սահյանի ժառանգության պահպանությունը պետության ուշադրության կենտրոնում է. մշակույթի նախարարություն
- «Մեծ պոետ է, չէ, ինչպես կարելի է այդպես վերաբերվել այդ մարդու հիշատակին». Համո Սահյանի արխիվը հանվել է վաճառքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան