Կիմ Չեն Ինը COVID-19-ի բռնկումն անվանել է Հյուսիսային Կորեայի պատմության մեջ «խոշորագույն ցնցումը»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն երկրում կորոնավիրուսի բռնկումը «մեծ ցնցում» է անվանել։ Ինչպես շաբաթ օրը հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), բժիշկները գրանցել են COVID-19-ի պատճառով մահվան 21 նոր դեպք. այսպիսով մահացածների ընդհանուր թիվը հասել է 27-ի:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ առավոտյան ԿԺԴՀ ղեկավարը նախագահել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստը, որը քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները։
«Վնասակար վարակի տարածումը կարելի է անվանել մեծ ցնցում հանրապետության հիմնադրումից ի վեր»,- ասել է ԿԺԴՀ ղեկավարը՝ հավելելով, որ հնարավոր է հաղթահարել այս ճգնաժամը, եթե ուժեղացնեն հակահամաճարակային պայքարը և պահպանեն խիստ կարանտինային միջոցառումներ։
Իշխանությունները հայտնել են, որ մայիսի 13-ին երկրում հայտնաբերվել է տենդի նշաններով 174 հազար մարդ։ Ընդ որում, ապրիլի վերջից նման հիվանդների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 524 հազար, որոնցից ավելի քան 280 հազարը բուժվում է։ Ընդհանուր առմամբ մահացել է 27 մարդ, նրանցից առնվազն մեկի մոտ «Օմիկրոն» է հայտնաբերվել։