Րաֆֆի Ասլանյան. Ոստիկանների կողմից օրենքի սահմանազանցումներն ունեն պետական աջակցություն
«Բոլորիս համար ոստիկանության գործողությունները տեսանելի են։ Ոստիկանության որոշ գործողություններ օրենսդրության շրջանակում չեն տեղավորվում»,-Ֆրանսիայի հրապարակում ասաց Երևան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա մասնակցում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած՝ խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննարկմանը։
Ասլանյանի խոսքով, ոստիկանների կողմից օրենքի սահմանազանցումներն ունեն պետական աջակցություն։
«Ասեմ՝ ինչու է նման հիմնավոր տպավորություն ձևավորվում։ Քաղաքական ընդդիմության գործողությունների արդյունքում կան բազմաթիվ ձերբակալված, կալանավորված անձինք։ Անմեղության կանխավարկածից ելնելով, ես իրավունք չունեմ որևէ մեկի մեղավորությունը կասկածի տակ դնել, բայց հաշվի առնելով այդպիսի համատարած ձերբակալություններն ու մեղադրանքները, դրանք պետք է համեմատել ոստիկանության գործողությունների ու դրանց արձագանքի հետ։ Տեսնում ենք, որ որևէ ոստիկան որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Էլ չենք խոսում առանձին դեպքերում քրեաիրավական գնահատականների, խափանման միջոցների կիրառման մասին»,-ասաց նա։
Փաստաբանը որքանով տեղյակ է, այս պահի դրությամբ որևէ ոստիկան քրեական հետապնդման տիրությում չի գտնվում։
«Մինչդեռ ուսումնասիրելով տեսանյութերը՝ տեսնում ենք, որ բազմաթիվ են դեպքերը, որեբ ոստիկանության աշխատակիցների գործողություններն ակհնայտորեն պարունակում են հանցակազմի հատկանիշներ։ Առնվազն գոնե քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր ու առիթ կա։ Մինչդեռ պետական ապարատը, իրավապահ մարմիններն այս առումով ոչինչ չեն անում։ Սա է ձևավորում ողջամիտ ու հիմնավոր կասկած, որ ոստիկանությունն ունի պետական աջակցություն և նման գործողությունների է դիմում իրեն տրված հանձնարարության արդյունքում։ Իսկ հանձնարարողները բնականաբար նրանց պատասխանատվության չեն ենթարկի։ Սա իմ առաջնային ու նախնական տպավարությունն է։ Իսկ նման պայմաններում ժողովրդավարության մասին խոսելը ես կարծում եմ առնվազն ավելորդ է»,-ասաց Րաֆֆի Ասլանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանյան. Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը կիրառում է անհիմն ուժ՝ կարծես նպատակ ունենալով ահաբեկել նրանց
- Ոստիկանության կոչը. Զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց
- Freedom House-ը Հայատանի ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից
- «Խելքի՛ եկեք, ուշքի՛ եկեք և հաշվի առե՛ք ժողովրդի կամքը»․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանության աշխատակիցներին
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն