Ֆինլանդիան 33 անձի արտահանձման Անկարայի պահաջից որևէ մեկին դրական պատասխան չի տրվել
Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Թուրքիայի պահանջները գյուլենական շարժման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապ ունեցող 33 անձի արտահանձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ Անկարան վերջին 5 տարում Ֆինլանդիայից պահանջել է արտահանձնել 12 (6 գյուլենական և 6 ՔԲԿ-ական), իսկ Շվեդիայից՝ 21 (10 գյուլենական և 11 ՔԲԿ-ական) անձի, որոնք, ըստ թուրքական կողմի՝ կապեր ունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված այդ կազմակերպությունների հետ։
33 անձի արտահանձման պահաջից որևէ մեկին դրական պատասխան չի տրվել։ 19-ն արդեն իսկ մերժվել են, 5-ը անպատասխան են թողնվել, իսկ 9-ի արտահանձման պահանջի հետ կապված գործընթացը շարունակվում է։
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, սակայն, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, իր հերթին, «Reuters»-ի հետ զրույցում շեշտել է, որ Անկարան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առջև դուռը չի փակել, բայց երկու երկրները պետք է հստակ քայլեր անեն ՔԲԿ-ի և Գյուլենական շարժման գործունեության դեմ։