Հաջորդ ընտրությունները լինելու են շատ ավելի օրինավոր. Հերմինե Նաղդալյան
Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրական պրոցեսի ժամանակ տեղի ունեցող խախտումները իսպառ վերացնելը մեկ օրում լուծվող հարցեր չեն:
«Սրանք խնդիրներ են, որոնք բավական խորը արմատներ են ունեցել մեր երկրում: Մեզ նման պետություններում ևս, որոնք անցնում են ճանապարհ դեպի ժողովրդավարություն, կան այդ խնդիրները, կան նաև այնպիսի խնդիրներ, որոնք շատ հեռու են մեզնից: Ակնառու է բոլորիս համար այն առաջադիմությունը, որը մենք ունենք Հայաստանում ամեն ընտրությունից ընտրություն: Վստահաբար, բոլորդ կարող եք ասել, որ պատմության գիրկն են անցնում բազմաթիվ թերություններ, միջադեպեր, դրամատիկ, խառը, աժեոտաժային վիճակներ, որոնք մենք հիշում են նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում: Ուստի, մենք հետևողական աշխատանք ենք կատարում և մենք շարունակելու ենք նաև ապագայում, որպեսզի հաջորդ մեր ընտրությունները լինեն ավելի քիչ միջադեպերով, պրոբելմներով ու խախտումներով»,- ասաց Հ. Նաղդալյանը:
Հարցին, թե ինչու է իշխանությունը ևս բողոքարկել որոշ տեղամասերում անցկացված ընտրությունների արդյունքները, երբ «այո»-ն հաղթել է, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ բողոքարկումը կապված չէ «այո»-ի կամ «ոչ»-ի հաղթանակի հետ, ոչ էլ կապված է նրա հետ, որ հաղթողները գոհ լինելով հանդերձ թաքցնեն կամ ծածկադմբոց անեն և չարձագանքեն այն թերություններն ու խախտումները, որոնք եղել են:
«Բացի այդ, այս հանրաքվեի ժամանակ մենք տեսանք, որ աստիճանաբար ցրվում է այն մտայնությունը, որ և բողոքները, և խախտումները կատարվում են լոկ իշխանության ներկայացուցիչների, միայն ՀՀԿ-ականների կողմից: Լրագրողական հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ այն ընտրատեղամասը, որտեղ կատարվել է ուրիշի տեղը այլ մարդու կողմից քվեարկություն, այնտեղ հանձնաժողովը ղեկավարել է ընդդիմության ներկայացուցիչ: Ընդհանրապես, պետք է միակողմանի մոտեցումը չունենանք: Կարևոր է ոչ միայն այն, որ մենք հետաքննենք, պատժենք մեղավորներին, այլև կարևոր է, որ մենք մեր գործողություններով ցույց տանք այն քաղաքական կամքը և հանձնառությունը, որ ընտրությունները կազմակերպենք հնարավորինս արդար ու թափանցիկ»,- նշեց Հ.Նաղդալյանը:
Նրա խոսքերով՝ ոչ մեկ ընտրությունով, ոչ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոչով ընտրակեղծարարությունը չի վերանա, դրանց վերանալու համար պետք է քաղաքական կամք և հետևողականություն:
«Որևէ մեկի արջի ծառայությունը մեզ պետք չէ, մենք չենք պատրաստվում որևէ մեկին պաշտպանել և ամեն մեկին իր արժանվույն գնահատականը կտրվի: Այն տենդենցները, որ մեր երկրում կան խոստումնալից են և մեծ հույսեր կան, որ հաջորդ ընտրությունները լինելու են շատ ավելի օրինավոր»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին՝ «ոչ»-ի կողմից կատարված խախտումները զանգվածային բնո՞ւյթ էին կրում, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ իր համար ընդունելի չեն զանգվածային մակդիրները:
«Չեմ կարծում, որ զանգվածային բնույթ կրող կեղծիքներ են եղել: Չեմ ընդունում՝ մասսայական, խայտառակ արտահայտությունները, որովհետև դրանք ամպագոռգոռ են, դրանց տակ փաստացի նյութ չկա»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հավելով, որ կա 78 բողոք, որոնց ուղղությամբ 3-րդ օրն է ինչ աշխատանք է կատարվում:
Ըստ նրա՝ 19 տեղամաս վերահաշվարկվել է և արդյունքները ցույց են տվել, որ ուշադրության արժանի խախտումներ այդ տեղամասերում չեն եղել. «Այսինքն՝ զանգվածային կեղծիքներ ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի կողմնակիցները չեն արել»:
Միաժամանակ, նա նկատեց, որ հանրաքվեին արձանագրվել է «Այո»-ի տպավորիչ հաղթանակ և շատ էական առավելություն «Ոչ»-ի նկատմամբ: Հ. Նաղդալյանի խոսքերով՝ այս թվերի պարագայում խոսել ընտրակեղծարարության մասին, ավելորդ է:
Ինչ վերաբերում է քննարկումներին, որ Նախագահ Սերժ Սարգսյանը իրողություն համարեց խորհրդարանական կառավարման համակարգը, երբ պաշտոնական տվյալները դեռ հայտնի չէին, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «Թվերը, որոնք ունենք՝ մասնակցության իմաստով, այնքան խոսուն են, այնքան մեծ է տարբերությունը, որ քաջ իմանալով բողոքների քանակը, ծավալը, պարզ երևում էր, որ դրանք հանրաքվեի արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ չէին կարող: Եվ դա ՀՀ նախագահին արդարացի հիմք է տալիս, որ ինքը ևս կասկած չունենա ու իր քայլերն ըստ այդմ կատարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան