Փաշինյան. ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այնքան էլ չուրախացրեց Հայաստանին
Կրեմլում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը։ Նիստին, որը համընկնում է Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և Կազմակերպության 20-ամյակի հետ, մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Արցախում 44-օրյա պատերազմին ՀԱՊԿ արձագանքին:
Նրա խոսքով՝ Երևանի համար շատ կարևոր հարցերում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այնքան արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն էր ակնկալում։ Փաշինյանը հիշեցրել է, որ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և վերջինս դիմեց ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակները կանխելու մեխանիզմներն ակտիվացնելու համար։
«Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Ավելին, մենք երկար ժամանակ բարձրացնում էինք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը։ Արդյունքում այդ զենքերը կիրառվեցին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Եվ սա նույնպես խնդիր է։
Անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այնքան էլ չուրախացրեց Հայաստանի Հանրապետությանը և ընդհանրապես հայ ժողովրդին»։
Միաժամանակ նա ընդգծել է Ռուսաստանի Դաշնության և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։
«Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին»,-ընդգծել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայի գագաթնաժողովից հետո մի շարք փաստաթղթեր են ընդունել
- Պուտինի ու Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը
- Պեսկովն հայտնել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման օրը որոշված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին