Վարդևանյան. Ոստիկաններից մի քանիսի գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ
Ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները կպատժվեն։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ոստիկաններից մի քանիսի գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ՝ լիազորություններից անցումից մինչև չարաշահում։ Գործընկերներիցս մեկը ճիշտ դիտարկում է արել, առկա են ընդհուպ մարդու առևանգման հատկաիշներ»,-ասաց նա։
Պատգամավորն ասաց՝ նրանք պատասխանատվության են ենթարկվելու, պատժվելու են շատ խիստ։
«Եվ ամենակարևորը, իրենք ոչ միայն հեռացվելու են համակարգից, այլ հեռացվելու են այնպես, որ այլևս երբեք հնարավորություն չեն ունենալու լինել որևէ պետական ծառայության մեջ»,-ասաց պատգամավորը։
Վարդևանյանը նշեց՝ փաստաբաններն անմիջապես արձագանքել են ոստիկանների գործողություններին, մեկնել են բաժիններ, որտեղ վերջիններին ասել են, որ իբր վարորդներին օրինական պահանջ է ներկայացվել։
«Մինչդեռ մենք տեսնում ենք, որ օրինական պահանջ չի հնչում։ Այստեղ միայն կա բիրտ, ակնհայտ անհամաչափ, ոստիկանի խայտառակ վարքագիծ։ Բայց ինչն է կարևոր, այդպիսի ոստիկանները համակարգում փորքամասնություն են։ Թող նրանք ֆիքսեն, պատասխանատվության են ենթարկվելու»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան