Մթերքներ, որոնք նպաստում են քաշի ավելացմանը
Որոշ մթերքներ, որոնք վաճառվում են դիետիկ սննդի անվան տակ, իրականում կարող են խանգարել նվազեցնել քաշը: Այս մասին «Գազետա.ռու»-ին ասել է նյարդաէնդոկրինոլոգ, «Ատլաս» կլինիկաների ցանցի գիտական խորհրդի նախագահ Յուրի Պոտեշկինը։
Դա, ըստ բժշկի, վերաբերում է հատկապես բոլոր ֆրուկտոզային մթերքներին, որոնք ներկայացվում են որպես առողջարար։
Բժիշկը հավելել է, որ մրգային հյութերը, որոնք նույնպես հաճախ ասոցացվում են ճիշտ սննդակարգի հետ, իրականում ոչ մի ընդհանուր բան չունեն դրա հետ։
«ԱՀԿ-ն սննդի վերաբերյալ բոլոր առաջարկություններում գրում է, որ եթե հյութ եք ուզում, ապա ավելի լավ է ընտրել ամբողջական միրգ, քանի որ այն պարունակում է սննդային մանրաթելեր, որոնք, ի դեպ, դանդաղեցնում են աղիքներում շաքարի կլանումը»,- նշել է էնդոկրինոլոգը։
Նրա խոսքով՝ մարմնի զանգվածի վրա նման ազդեցություն ունի նաև մեղրը, որը երբեմն համարվում է շաքարավազի առողջ այլընտրանք։
«Մեղրի մեջ իսկապես օգտակար հատկություններ կան, բայց մեղրը գրեթե ամբողջությամբ շաքարից է, ուստի նիհարել ցանկացողները չպետք է այն ուտեն»,- պարզաբանել է էնդոկրինոլոգը։
Սննդի մեկ այլ խումբ, որը բժիշկը խորհուրդ է տվել սահմանափակել նիհարելու ժամանակ. դրանք թաքնված ճարպերով մթերքներ են։ Պոտեշկինը նշել է, որ դրանք ներառում են ոչ միայն մսի յուղոտ տեսակները, այլև նաև երշիկն ու նրբերշիկը: Միևնույն ժամանակ, բժիշկը խորհուրդ չի տալիս խստորեն սահմանափակել հացը, հացահատիկի տարբեր տեսակներն ու մակարոնեղենը: