Արցախի պետական ջազ նվագախումբը՝ նոր կազմով ու նոր մոտեցումներով
Նրանց երգերն այսօրվա խառը իրադարձություններում ու երեկվա ցավոտ պատերազմից հետո ամենօրյա ֆեյսբուքյան գրառումների մեջ փոքրիկ արևների են նման։
«Ձեզ համար մի քիչ լույս եմ բերել»,- գրում են ֆեյսբուքում ու կիսվում Արցախի պետական ջազ նվագախմբի երգերով։
Արցախի պետական ջազ նվագախումբը, որը ստեղծվել է 2004-2005 թվականին, որոշակի խնդիրներ հաղթահարելուց հետո, այս տարվա հունվարից նոր մոտեցումներով, նոր գաղափարներով, նոր ոճով ու կիսանոր կազմով սկսել է ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Նվագախմբի նոր տնօրենն է Տիգրան Սուչյանը։
Panorama.am-ի հետ զրուցում Արցախի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Դանիելյանը պատմեց, որ իրենք իրենց գործունեությունը վերսկսել են գրեթե զրոյից, նվագախմբի կազմում ընդգրկել են երաժշտական քոլեջի սաների, որոնք շատ տաղանդավոր են։ Նվագախումբն ունի երաժշտական որոշ գործիքների կարիք, թեև ունեցածով փորձում են լրացնել այդ բացը։
«Նվագախմբի այս նոր կազմը ամեն ինչ անում է ու անելու է, որ մեր հանդիսատեսին ներկայանանք ամեն անգամ տարբեր ոճով ու տարբեր մոտեցումներով»,- ասաց Է. Դանիելյանը։
Այժմ նվագախումբը պատրաստվում է մենահամերգի, որը կայանալու է հունիսին Ստեփանակերտում։ Արցախի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը համերգային ծրագրից մի փոքր բացահայտում արեց՝ հիմնականում ներկայացնելու են հայկական ջազ՝ նոր գործիքավորմամբ ու նոր մոտեցմամբ։
«Այս փուլում ուզում ենք մեր հայկական երաժշտությունն առաջ տանել։ Մեր երգչուհիները բազմապրոֆիլ են, սակայն այսօրվա իրավիճակում միշտ մեր մտքում հայկական երաժշտությունն է։ Եվ այդպես էլ որոշեցինք ներկայացնել հենց հայկական ջազ»,- նշեց նա։
Նվագախումբը հնարավոր է մինչև տարեվերջ նաև Երևանում հանդես գա մենահամերգով։
Բաց չթողնեք ձեր բաժին «լույսը» Արցախից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան