Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
Զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը:
Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ սակայն 2020թ. դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ» հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ: 2020թ. դեկտեմբերի 13-ին, հակառակորդի առաջխաղացման հետևանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու և մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու արդյունքում էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ: Վերջինս տնօրինել է գումարտակի անձնակազմն անհատականացնող հաստիքացուցակին։
Վերոնշյալ արարքները կատարելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հոսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ինչու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում. Տիգրան Աբրահամյան
- Փոխգնդապետ Ղազարյանը դիմել է ԱԱԾ. Իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել առանց տեղանքին ծանոթացնելու, որ գերի ընկնեն
- Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է. ՔԿ
- Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի
- Խծաբերդի և Հին Թաղերի գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի
- Հետմահու պարգևատրվել են Արմավիրից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող
- Այդ փաստաթղթում Շուռնուխ, Որոտան, Խծաբերդ բառերն էլ չկային, ու ռազմագերիների թիվն էլ գնալով մեծացավ