Պահանջում ենք, որ մեր գործը քննի ԱԱԾ-ն. Կարին Տոնոյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, հայտարարեցին՝ պահանջում են, որ իրենց գործը քննի ԱԱԾ-ն։
Նշենք, որ նրանք պահանջում են Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել, սակայն նրան որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է։
Կարին Տոնոյանը հայտնեց՝ այսօր Ֆրանսիայի հրապարակում բոլոր ծնողներով կխնդրենք իրենց տրամադրել այնտեղի բեմահարթակը, որպեսզի իրենց պահանջը ներկայացնեն ամբողջ հանրապետությանը։ «Մենք մերժում ենք, որ գործի քննությունը շարունակի Զինվորական դատախազությունը, թող տեղափոխեն ԱԱԾ, սա ԱԱԾ-ի գործն է»,- ասաց նա՝ դիմելով զինդատախազ Արշակ Մարտիրոսյանին։
Ավելի վաղ զինդատախազը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2022 թվականի մայիսի 4-ին վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում` քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով։
Արշակ Մարտիրոսյանը նշեց, որ հենց այդ ժամանակվանից հսկողությունն իրականացնում է զինվորական դատախազությունը։
ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ տվյալ քրգործով ձևավորված է դատախազական խումբ, որում ներառված են մի շարք դատախազներ, իսկ խումբը գլխավորում է զինդատախազի տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք
- Դատախազության դիմաց պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
- Նիկոլ, դուրս արի և մեր աչքերի մեջ նայելով ասա՝ ինչու մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց. զոհվածի մայր