ԱՆ-ն առաջարկում է տեղեկատվություն չտրամադրելու դեպքում պետական և համայնքային մարմնին մինչև 150.000 դրամի տույժի ենթարկել
«Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար սահմանված տուգանքը նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի փոխարեն սահմանել հիսնապատիկից յոթանասունապատիկ»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանց:
Փոխնախարարը ներկայացրեց գործադիրի հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Երանուհի Թումանյանցի խոսքով՝ նույն խախտումը վարչակա տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարելու դեպքում գործող նավազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկ վարչական տույժի շեմն առաջարկվում է հասցնել հայուրապատիկից հարյուր հիսնապատիկի:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ «Givemeinfo.am» կայքում տեղադրված հարցումների և դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019 թվականից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3%-ին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել՝ այսինքն հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել, անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, և ևս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան:
Վերջինի դեպքում, ըստ Թումանյանցի, ակնկալվող տեղեկության տրամադրումը թեև ձևական իմաստով չի մերժվել, սակայն պահանջված տեղեկությունը օրենքի խախտմամբ չի տրամադրվել՝ խուսափողական, ընդհանուր ձևակերպումներով, պահանջված տեղեկությունների հետ կապ չունեցող բովանդակությամբ կամ ոչ վերաբերելի հղումներով կամ օրենքով չնախատեսված այլ հիմնավորմամբ պատասխան գրություններով:
««Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.7-րդ հոդվածի խախտման հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված հայցադիմումները մեծ թիվ չեն կազմում: Մասնավորապես, վերոնշյալ հիմքով վերջին մի քանի տարիների ընթացքում ներկայացված հայցադիմումների քննության արդյունքում տասը մերժվել են Վարչական դատարանի համապատասխան վճիռներով, հայցադիմումներից բավարարվել են ընդամենը չորսը, որոնցից երկուսով պատասխանողը տուգանվել է տասը հազարական դրամով, մեկով՝ երեսուն հազար դրամով, մեկով՝ հիսուն հազար դրամով»,-հայտնեց փոխնախարարը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այդ վիճակագրությունից բխում է, որ օրենսգրքով նախատեսված տասից հիսուն հազար դրամ տուգանքի չափ նախատեսված լինելը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար:
«Դա, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 189.7-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու փաստն արձանագրելու, տույժի ենթարկելու վերաբերյալ հայցի ներկայացման և դրա հիման վրա հարուցված դատական գործի քննության շրջանակներում հայցվորը՝ ի դեմս տեղեկատվության տրամադրումը խնդրարկող սուբյեկտի, ստիպված է լինելու դրա վրա ծախսել նաև որոշակի ֆինանսական միջոցներ , վճարել պետական տուրք, կատարել ճանապարհածախս, փաստաբանի վարձատրության վճար, ընդ որում, տվյալ դեպքում հայցվորի կողմից կրած ծախսերը նույնիսկ հայցի բավարարման դեպքում անհամաչափ են լինելու կիրառված տույժի գումարին»,-ասաց փոխնախարարը և հայտարարեց, որ տույժերի ավելացման միջոցով գործադիրը ցանկանում է շահագրգռել քաղաքացիներին՝ տեղեկատվություն չստանալու դեպքում դիմել դատարան:
Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան