Մենք արդեն երկու տարի քուն ու դադար չունենք, ուզում ենք հասկանալ՝ ովքեր մեր երեխաներին տարան կործանման. Կարին Տոնոյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության մոտ, որտեղ մի շարք ծնողներ են հարցաքննվելու որպես տուժողների իրավահաջորդներ։
Հիշեցնենք, որ այսօր պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց։
«Մենք միջնորդություն ենք ներկայացրել՝ գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով: Հիմա Առաջին ատյանում դա մերժվել է, և գործը հարուցվել է 308 հոդվածով։ Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ գործը ձգձգվում է ինչ-ինչ պատճառներով։ Այսօր էլ զինդատախազը չէր ներկայացել, ինչն ուղղակի անհասկանալի է»,- ասաց Կարին Տոնոյանը, ում տղան՝ Մենուա Հովհաննիսյանը զոհվել է 44-օրյա պատերազմում։
Նրա խոսքով՝ նիստը հետաձգելը նշանակում է, որ ուղղակի ծաղրում են ծնողներին։ Ըստ նրա՝ ամեն շաբաթ նիստ են նշանակում, սակայն հետո հետաձգում են։ «Ակնհայտ է, որ փորձում են ամեն կերպ այս գործը ձգձգել, որ պետական դավաճանության հոդվածով Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցեն»,- նշեց Կարին Տոնոյանը։
Նա ասաց, որ այսօր իրենք ստիպված են փողոցը փակել, քանի որ իրենց գործն անընդհատ մերժվում է։
«Ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, որոնք մեր պատճառով գուցե ուշանում են ինչ-որ տեղից, բայց նաև հորդորում ենք ընկալումով մոտենալ, քանի որ մեր զավակներն ընդհանրապես մեր տներից ուշացան և չեկան։ Այս գործը պետք է լուծում ստանա, մենք արդեն երկու տարի քուն ու դադար չունենք, մենք ուզում ենք, որ ընդամենն այս գործը բացվի և հասկանանք, թե ովքեր են մեղավորները, ովքեր մեր երեխաներին տարան կործանման»,- ասաց Կարին Տոնոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան