Մեր աղոթքները հիմա բոլորի զավակների համար են, որովհետև դրանք արդեն մեր զավակներին պետք չեն. Կարին Տոնոյան
«Երբ մեր զավակներին ուղարկում էինք պատերազմ, մեզանից ոչ մեկը՝ ոչ մի մայր ու հայր, չէր ասում՝ գնա, միայն ինձ պաշտպանի, ասում էինք՝ գնա ու պաշտպանի հայրենիքը»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Նա նշեց, որ հայրենիքը միայն հողը չէ, հայրենիքը նաև դուք ու մենք ենք, յուրաքանչյուր ոք է, որ ապրում է այս հողի վրա. «Նաև նրանք են, ովքեր փորձում են խաղալ մեր զգացմունքների հետ ու տարիուկես է մեզ դատարանից դատարանից են քարշ տալիս, տանջում՝ առանց հասկանալու, որ յուրաքանչյուր անգամ, որ մենք դատարանից դուրս ենք գալիս նորից պարտված, նորից մահ ու ցավ ենք տեսնում։ Տա Աստված, որ որևէ մեկն այլևս մեզ չհասկանա։ Մեր աղոթքները հիմա բոլորի զավակների համար են, որովհետև դրանք արդեն մեր զավակներին պետք չեն։ Մեր աղոթքները հիմա մեր հայրենիքի համար են»։
Կարին Տոնոյանը խոսքն ուղղեց դատավորներին, դատախազներին, հատկապես գլխավոր դատախազին. «Եթե այս զգայուն գործով, չափազանց կարևոր գործով Հայաստանում չեղավ արդարադատություն, ապա ես չեմ հավատում, որ որևէ այլ գործով Հայաստանում այլևս կլինի արդարություն և արդարադատություն։ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում և ընդունակ եք այդպես անբարո վերաբերվելու այս գործին, ուրեմն իրավունք չունեք որևէ այլ դատ իրականացնելու և ընդհանրապես մոտենալու արդարադատությանը։ Ուրեմն մենք՝ ծնողներս, Հայաստանում կիրականացնենք դատ ու արդարադատություն։
Քանի որ վաղը, հաջորդ օրը ու էլի շատ կանգնելու ենք դատարանի դալիճներում, հույսով նայելու ենք դատավորների ու դատախազների դեմքերին, ես ձեզ վերջին անգամ հորդորում եմ՝ վաղը, հաջորդ օրը և միշտ, երբ կգաք այդ դատերին, առավոտյան արթնացեք, ուշադիր նայեք ձեր մայրերի աչքերին, նայեք նրանց աչքերում ձեր նկատմամբ սպասումը և նոր միայն գնացեք դատական դահլիճ։ Մենք ձեր մայրերից ոչնչով չենք տարբերվում։ Խիղճ ունեցեք»։
Հարակից հրապարակումներ`
- «Ջհանգիրյա՛ն, դուք այլևս դատական համակարգում անելքի չունեք, հեռացե՛ք»
- Եթե դեռ չեք մոռացել մեկ ուրիշի վշտին ցավակից լինելու մասին
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
- Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք