ՔՊ-ական պատգամավորի խնդրանքը՝ «հայրենասիրամշակութային ծրագրեր իրականացնող գործընկերներին»
«Քաղաքական ճգնաժամ չկա, քաղաքական պահանջ չեմ տեսնում, չեմ տեսնում որևէ քաղաքական օրակարգ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ իրավունքի գերակայությունը պետք է պահպանվի, կոչ արեց քաղաքացիներին, հարգելով ժողովրդավարական բոլոր սկզբունքներն ու պահանջները, ըստ էության, ըմբռնումով մոտենալ այս օրերին տեղի ունեցող ակցիաներին։
«Իսկ մեր, նույնիսկ ընդդիմադիր բառը չեմ ուզում օգտագործել, մեր հայրենասիրամշակութային ծրագրեր իրականացնող գործընկերներին պետք է խնդրեմ հանրավորինս թույլ տալ, որպեսզի Երևանի կենտրոնի որոշ հատվածներ պարզապես դառնան նորից երթևեկելի, հակառակ դեպքում մենք ունենում ենք իրավիճակ, երբ քաղաքացին ուշանում է աշխատանքից, հնարավորություն չի ունենում տնօրինել իր ժամանակը ճիշտ և բախվում է որոշակի խնդիրների»,- ասաց Վարդանյանը։
Խոսելով ոստիկանության գործողությունների մասին, նա ասաց, որ ոստիկանությունը պարտավոր է առաջնորդվել բացառապես օրենքով և օրենսդրական կարգավորումներով իրականացնի իր գործառույթները, իսկ ինչ վերաբերում է որոշ դրվագների, որոնք տեղի կունենան ոստիկանության, պաշտոնատար այլ անձի հետ, պետք է տրվի համապատասխան գնահատական համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո։
Հարցին՝ որքանո՞վ է հարգելի կամ անհարգելի ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը հանձնաժողովի նիստում, Վարդանյանը պատասխանեց. «Ես չեմ որոշելու պատգամավորների բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելը: Ես այդ մասին տեղեկություն եմ ուղարկում Ազգային ժողովի նախագահին, և ԱԺ նախագահը, որպես ԱԺ բնականոն գործունեությունն ապահովող պաշտոնատար անձ, համապատասխան որոշումներ կկայացնի դրա վերաբերյալ: ԱԺ հաձնաժողովի նիստերին մասնակցելը պատգամավորների պարտականությունն է»:
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե քանի՞ օր բացակայելու դեպքում կարող է պատգամավորը զրկվել մանդատից, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու դեպքում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան