Զոհված զինծառայողների ծնողների հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, փորձել են հարվածել. Փաստաբան
«Գարիկ Գալեյանին շշով հարվածելու մեղադրանք առաջադրված չէ, նրան առաջադրված է մեղադրանք` մեջբերում եմ մեղադրանքի որոշումից՝ «համազգեստից քաշքշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար»: Այսինքն ֆիզիկական ցավը պատճառվել է համազգեստին: Մենք հիմա կմիջնորդենք, որպեսզի համազգեստը ճանաչվի որպես տուժող», - ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ բացարկ են ներկայացնելու ամբողջ զինվորական քննչական գլխավոր վարչությանը, ներառյալ՝ 4-րդ կայազորային քննչական բաժինին, քանի որ երեկ զոհված զինծառայողների ծնողների հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, անգամ, իրենց ներկայությամբ, փորձել են հարվածել ծնողներին հենց այս շենքում:
«Այս շենքում գտնվող որևէ քննիչ չի կարող լինել անկողմնակալ, անաչառ և կատարել օբյեկտիվ քննություն, քանի որ ամբողջ քննչականը եղել է ծեծի և քաշքշուկի մասնակից: Մենք բացարկ ենք հայտնելու ամբողջ քննչական մարմնին»,-ասաց փաստաբանը:
Վ.Հովհաննիսյանի խոսքով, Գարիկ Գալեյանի ձերբակալվել է քննիչի որոշման հիման վրա` դատարան ներկայացվելու, խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, թեպետ այդպիսի որոշում դեռևս կայացված չէ:
«Դատախազությունն ունի շանս` դրսևորելու կամք, համարձակություն հետ վերցնելու այդ անօրինական որոշումը, հիմա առնվազն փոխելու խափանման միջոցը, որպեսզի չտարվի դատարան, հետո կանդրադառնանք այդ անհիմն մեղադրանքներին»,- ասաց փաստաբանը։
Նրա փոխանցմամբ, Գ. Գալեյանը 5 անգամ ստենտավորված է, 4 ստենտը տեղադրվել է 2 շաբաթ առաջ, Գալեյանի կինը 7 ամսական հղի է, Գալեյանն ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորված, վիրահատված է. «Նման պայմաններում անգամ ծանրագույն մեղադրանքի դեպքում վարույթ իրականացնող մարմինը պետք է մի քանի անգամ վերլուծություններ աներ, նոր որոշեր` տանե՞լ ձերբակալման, թե ոչ»:
Ինչ վերաբերում է Գարիկ Գալեյանի եղբորը՝ Արթուր Գալեյանին, ում անունը նույնպես նշված է մեղադրանքի որոշման մեջ, Վ. Հովհաննիսյանն ասաց. «Հիմա Արթուր Գալեյանի հետ ինքնակամ ներկայանում ենք վարույթն իրականացնող մարմնին, այն պայմաններում, երբ անգամ չի տրվել ծանուցագիր, առկա չէ բերման որոշում, պարզապես մեր նախաձեռնությամբ, տեղեկանալով, որ նաև նրան է ենթադրվում հանցագործության կատարում, ինքնակամ ներկայանում ենք, տեսնենք՝ ինչ գործողությունների կդիմեն»։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, թե «մայիսի 17-ին մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը), 137.1-րդ հոդվածի 1-ին մասով (Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)1-ին մասով»:
Հարակից հրապարակումներ`
- Աստղիկ Գալեյան. Մինչև վերջ գնալու եմ առաջ
- «Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն», ասում է Մխիթար Գալեյանի պապիկը
- Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
- Ազատ արձակեք Գարիկ Գալեյանին. զոհվածների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց
- Գարիկ Գալեյանը տեղափոխվեց հիվանդանոց
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
- Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան