Գարիկ Գալեյանը տեղափոխվեց հիվանդանոց
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, ում այսօր ձերբակալել էին, տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտորն։
«Գարիկ Գալեյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վերջինս շուրջ 2 շաբաթ առաջ սրտի վիրահատության է ենթարկվել, 5 ստենդ է տեղադրված եղել։ Գալեյանն ի վիճակի չէր անգամ խոսել։ Շատ վատ վիճակում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Գարիկ Գալեյանին առաջադրված մեղադրանքին, փաստաբանն ասաց, որ այն իրավաբանության հետ աղերս չունի։
«Մեղադրանք է առաջադրվել անձին՝ համազգեստը քաշքշելով անձին ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե համազգեստն ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ կամ համազգեստից քաշքշելով անձը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կոնկրետ մարմնի որ հատվածներում է այդ ֆիզիկական ցավը ստացել։ Որևէ պարզաբանում դեռևս չենք ստացել, քննչական գործողությունները դադարեցվել են, քանի որ Գալեյանը տեղափոխվեց հիվանդանոց»,- նշեց փաստաբանը։
Վ.Հովհաննիսյանն ասաց, որ Գալեյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար, ենթադրելի է, որ կալանավորման միջնորդություն պետք է ներկայացվի դատարան։
«Այս պահին ես դիմում եմ դատախազությանը, քանի որ դատախազությունը հիմա ունի շանս ցույց տալու իր վճռականությունը, ցույց տալու, որ ինքը համաձայն չէ անօրինական գործընթացների հետ, հետ վերցնի կալանավորման միջնորդությունը եթե այդպիսին ներկայացվել է կամ ներկայացվելու է»,- ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, թե «մայիսի 17-ին մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը), 137.1-րդ հոդվածի 1-ին մասով (Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)1-ին մասով»:
Հարակից հրապարակումներ`
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
- Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
- Մեր պահանջն է, որ դավաճանը պատժվի. Գարիկ Գալեյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան