ԱՄՆ-ը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանել մաքսատուրքեր
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ այս շաբաթ G7-ի հանդիպման ժամանակ իրենք ծրագրում են առաջարկել եվրոպական երկրներին մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի նկատմամբ, որը կհանդիսանա նավթի ուղղակի էմբարգոյի արագ այլընտրանք, գրում է «Ամերիկայի ձայնը»։
ԵՄ պաշտոնյաները դիտարկում են ռուսական նավթի ներկրման վրա փուլային էմբարգո սահմանելու հարցը՝ որպես Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հաջորդ պատասխանը, սակայն Արևելյան Եվրոպայի որոշ երկրների կախվածությունը ռուսական էներգակիրներից մեծ խոչընդոտ է էմբարգոյի սահմանման համար:
ԱՄՆ-ի կողմից առաջարկվող մաքսատուրքերի մեխանիզմը կպահի ռուսական նավթը շուկայում, բայց կսահմանափակի արտահանումից Մոսկվային հասնող եկամտի չափը, Բրյուսելում լրագրողներին ասել են ֆիննախի պաշտոնյաները: G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա այս շաբաթվա վերջին:
Քանի որ ռուսական նավթը վաճառվում է զեղչով, ապա մաքսատուրքը կարող է սահմանվել այնպիսի մակարդակի վրա, որը մի կողմից կկամրջի այդ ճեղքվածքը, իսկ մյուս կողմից կկրճատի Ռուսաստանի շահույթը, ասում են ԱՄՆ պաշտոնյաները: Բայց դա պետք է լինի բավական ցածր, որպեսզի Ռուսաստանը կարողանա իր արտադրության ծախսերից ավելի շահույթ ստանալ, ինչը նրան խթան կհանդիսանա շարունակելու արտահանումը, ավելացրել են նրանք:
Նրանք ասում են, որ եթե ռուսական նավթը մնա շուկայում, ապա դրանով հնարավոր կլինի խուսափել եվրոպական էմբարգոյի հետևանքով նավթի գների հետագա աճից, ինչը կարող է փոխհատուցել էմբարգոյի ազդեցությունը ռուսական եկամուտների վրա:
Շատ կառավարություններ ցանկանում են որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռուսական նավթի գնումը, սակայն դա նավթի գների բարձրացման մեծ ռիսկ է պարունակում, ասում են պաշտոնյաները, ուստի ֆիննախը դիտարկում է ձևավորել գնագոյացման մեխանիզմներ, ներառյալ մաքսատուրքեր, որոնք կօգնեն պաշտպանել համաշխարհային տնտեսությունը էներգակիրների գնի հետագա աճից։
Մաքսատուրքերից ստացված հասույթը կարող է ուղղվել Ուկրաինայի վերականգնմանը և դրա համար ստեղծված հիմնադրամ, և այդպիսով ստիպել Մոսկվային վճարել հսկայածավալ վերակառուցման ծախսերի առնվազն մի մասը:
Առաջարկը առաջ է քաշվել այն բանից հետո, երբ G7-ի առաջնորդ Մարիո Դրագին անցյալ շաբաթ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ նավթի գնորդների կարտելի ստեղծման գաղափարով՝ գները զսպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան