Դրամաշնորհային մրցույթ. «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում»
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել հետևյալ միջոցառումների իրականացմանը՝
• աջակցություն հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ աղետների ռիսկի կառավարման պլանների իրագործման և աղետների ռիսկերի նվազեցման համար,
• օժանդակություն ուսումնական հաստատության ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացմանը,
• աջակցություն շենքի կառուցվածքային մաս չհանդիսացող տարրերի ռիսկերի հետևանքները մեղմացնելու գործողություններին,
• աջակցություն վտանգների և դրանցից բխող հնարավոր աղետների ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին,
• աջակցություն վտանգների և դրանցից բխող հնարավոր աղետների բացասական հետևանքների սահմանափակմանն ուղղված միջոցառումներին։
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է մինչև հունիսի 2-ը՝ ժամը 11.00-ը, ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով դրամաշնորհի տեսքով անհատույց և անվերադարձ դրամական հատկացում տրամադրել մրցույթին հայտ ներկայացրած և հաղթող ճանաչված մասնակցին (դպրոցին)/մասնակիցներին (դպրոցներին): Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:
Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 47 մլն 444 հազար ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ), որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած առավելագույնը 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 2 մլն 372 հազար ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):