Ազատ արձակեք Գարիկ Գալեյանին. զոհվածների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց
Զոհվածների ծնողները ՔԿ զինվորական վարչության բակում՝ պահանջելով ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ քրեական գործ է հարուցվել, և հնարավոր չէ այս պահին ազատ արձակել Գարիկ Գալեյանին, քանի որ կա օրենքով սահմանված հատուկ ընթացակարգ։
«Իսկ ինչո՞ւ Նիկոլին չեք ձերբակալում»,- ասացին ծնողները։
Դրանից հետո քաշքշուկ սկսվեց ծնողների և իրավապահների միջև։ Ծնողները սկսեցին վանկարկել «վախկոտ, վախկոտ», «ամոթ ձեզ»։
Այնուհետև ծնողները փորձեցին ներս մտնել ՔԿ զինվորական վարչություն, սակայն նրանց արգելեցին։
«Մենք էլ ենք Գարիկ Գալեյան, մեզ էլ ձերբակալեք»,- ասացին ծնողները։
Զոհվածների մայրերը նշեցին, որ կեղծ գործ է հարուցվել Գարիկ Գալեյանի դեմ։ «Թե որտեղից են իրենք այդ կեղծ ցուցմունքները վերցրել ու դրա հիման վրա ինչ-որ գործեր սարքել, չգիտենք։ Հերիք չէ ապրում են այդ երեխաների արյան ու չապրած տարիների հաշվին, հիմա մի հատ էլ ծնողների հետևից են ընկել»,- նշեց 44-օրյա պատերազմում զոհված զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։
Մեկ այլ ծնողն էլ նշեց, թե ինչ են սպասում իրենցից, որ լռե՞ն։ «Գայինք համբուրեինք իրենց ճակատը, որ շատ լավ են արել, 1,6 ամիս լռել են։ Ինչի պիտի ինքն իր երեխուն գրկի նստի, իսկ ես՝ սառը քարը»։ Ով պետք է դրա պատասխանը տա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին՝ «մայիսի 17-ին մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյանը տեղափոխվեց հիվանդանոց
- Գեղամ Նազարյան. «Մնում է հասկանալ, այս այլանդակությունը Նիկոլն է ղեկավարում, թե Խաչատուր Սուքիասյանը»
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
- Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը