Հայաստանում երկու ամսով մարդ են կալանավորում՝ օրենքով չարգելված արարքի համար
Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը գրում է.
«ՀՀ քր․ օր-ի 226-րդ հոդվածի մասով իրավունքի տեսության և քրեական իրավունքի մասնագետների, երիտասարդ հետազոտողների խմբի հետ համակողմանի քննարկման արդյունքում եկել եմ հետևյալ եզրահանգման․
Գործող քր․ օր-ի 226-րդ հոդվածում արգելվում է միայն «ԱԶԳԱՅԻՆ արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, ուստի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ սոցիալական խմբերի միջև արժանապատվությունն նվաստացնելուն ուղղված գործողությունն արգելված չէ (արգելքի բացակության՝ լավ է կամ վատ լինելը դուրս է քննարկվող հարթությունից)։
Ընդ որում, սա քրեական օրենքի տեքստի մեկնաբանման կամ ցանկությունների կամ էմոցիաների հարց չէ։ Գործ ունենք քրեական օրենքի բացի հետ․ այդ բացն ակնառու է, եթե գործող օրենքը համեմատում ենք ՌԴ քր․ օր-ի 282-րդ և ՀՀ նոր քր․ օր-ի 329-րդ հոդվածների հետ, որտեղ ըստ էության լրացվել է ներազգային ատելություն հրահրելու բացը։ Նշված արգելքներում խոսվում է «անձանց խմբի» նկատմամբ (․․․) ոչ միայն ազգային, այլ նաև «էթնիկ կամ սոցիալական բնույթի ԱՅԼ հանգամանքներով պայմանավորված» կամ «սոցիալական խմբին պատկանելու հանգամանքով պայմանավորված» ․․․ անհանդուրժողականության կոչերը (․․․), որը թերևս կարող է վերաբերել նաև ներազգային ատելության դրսևորումներին։
Հիշեցնեմ, որ քրեական իրավունքի հատուկ մասի նորմերն անալոգիայով չեն կարող կիրառվել կամ դա չի կարող քողարկվել օրենքի տարածական մեկնաբանման միջոցով։
Ցավով եմ եզրակացնում, որ Հայաստանում երկու ամսով մարդ են կալանավորում օրենքով չարգելված արարքի պայմաններում (օրենքի այս հոդվածի բացը չէր կարելի չգիտակցել կամ չտեսնել)»։