Հանգիստ եղեք, զանգեր չեն լինում. Կոստանյանը` Միրիջանյանի գործի մասին
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը այս պահի դրությամբ բավարար են եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարեց Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Միրիջանյանին ազատ արձակելու վերաբերյալ զանգի հիման վրա նա ազատվի պատասխանատվությունից:
Կոստանյանը լրագրողի հարցից զարմացավ և նկատեց, որ ինքը երբևէ առիթ չի տվել իրեն նման հարց տալու համար ու հավելեց. «Այս պահի դրությամբ այդ անձի անմեղությունը ապացուցող փաստեր չկան: Հայտնի կամ անհայտ զանգեր նման հարցերում չեն լինում: Քրեական պատասխանատվությունը առաջ է գալիս ու դադարեցվում է համապատասխան ապացույցների դեպքում: Համենայնդեպս հանգիստ եղեք, զանգեր չեն լինում»:
Նկատենք, որ Զավեն Միրիջանյանը համարվում է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավոր շրջապատի անձանցից մեկը:
Զավեն Միրիջանյանը Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից էր:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»: Նա այժմ կալանքի տակ է:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական հանձնաժողովի անդամը կալանավորվել է
- Ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան