Պետք է հեռացնենք այն իշխանությանը, որը չի սպասարկում Հայաստանի և Արցախի շահը. Իշխան Սաղաթելյան
Այսօր այն քաղաքականությունը, որ առաջ են մղում Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանի կողմից դրան հակադարձում չկա, և մեր պայքարը հենց դրա համար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
»Ես վստահ եմ, որ եթե դիմադրության շարժումը սկսված չլիներ, հիմա շատ վատ վիճակում կլինեինք։ Վստահ եմ, որ կան արդեն պատրաստված փաստաթղթեր, սակայն ժողովրդի փողոց դուրս գալով մասնակի կասեցվել է այս պրոցեսը։ Այդ պրոցեսը անշրջելի դարձնելու համար պետք է հեռացնենք այն իշխանությանը, որը չի սպասարկում Հայաստանի և Արցախի շահը։ Սա է մեր պայքարի նպատակը»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև ակցիաների ժամանակ մեծ թվով մարդկանց բերման ենթարկելու փաստին։ Նշնեք, որ այս օրերին ընթացող ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել աննախադեպ թվով քաղաքացի, ըստ ոստիկանության տվյալների, մայիսի 17-ին բերման է ենթարկվել 417, մայիսի 18-ին՝ 360 քաղաքացի։
Ըստ նրա՝ դրանք պաշտոնական թվեր են, իսկ իրականում բերման ենթարկվածների թիվը հասնում է 600-700-ի։ «Երևանի բաժիններում տեղ չի եղել և շատ քաղաքացիների տեղափոխել են Արտաշատի, Աբովյանի և այլ շրջանների բաժիններ։ Մի նպատակ ունեն՝ կասեցնել մարդկանց ցասումը, պայքարը, բայց չի ստացվելու, քանի որ ՀՀ քաղաքացիները դուրս են եկել և գիտեն ինչի համար»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց նաև, որ այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հույսն ու հենարանը ոստիկանությունն է՝ ոստիկանական բիրտ ուժով, ապօորինություններով փորձելով պահել իր իշխանությունը։ Սակայն, նրա խոսքով, գիտեն, թե ինչ է պատահում այն իշխանության հետ, որը կորցնում է իր լեգիտիմությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան