Մենուա Սողոմոնյանը՝ ԱՄՆ դեսպանին. Հայ ժողովուրդը քաջատեղյակ է մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար ակտերից
ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին.
«Ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանն առ այն, որ ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտարարում եմ․
1․ Հայ ժողովուրդը դեռևս 1990թ․ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով է հանձն առել կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են։
2․ Հայ ժողովրդի ժողովրդավարական ապագան չպետք է ուղղորդվի աշխարհաքաղաքական կենտրոնների պատվերներով, պատկերացումներով կամ շահերով։
3․ Հայ ժողովրդի 2018 թվականի ընտրությունն անկեղծ էր, սակայն բոլոր այն արժեքներն ու սկզբունքները, որոնք 2018թ․ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության ժամանակ հրամցվեցին հայ ժողովրդին, այժմ վերացված, աղճատված ու բռնաբարված են․ օրինակ՝ Հայաստանում ներկայում չի գործում ժողովրդավարության առանցքային սկզբունքներից մեկը՝ իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, քանի որ ողջ պետական իշխանությունն ուզուրպացված է մեկ մարդու կողմից։
4․ Ինչ վերաբերում է 2021թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա այն ժամանակ իշխող քաղաքական ուժը հայ ժողովրդին չէր զգուշացրել, որ Արցախի ապագան Ադրբեջանի կազմում է տեսնում, կամ որ ՀՀ-ն պետք է իջեցնի իր նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում։
5․ Հայ ժողովուրդը քաջատեղյակ է մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար ակտերից, որոնցից է նաև ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որում պարզորոշ ասվում է․ «․․․ երբ կառավարման որևէ ձև կործանարար է դառնում այդ նպատակների համար (Կյանք, Ազատություն, Երջանկության ձգտում – խմբ․), ապա ժողովրդի իրավունքն է փոխել կամ լուծարել այն և ստեղծել նոր կառավարություն՝ հիմնվելով այնպիսի սկզբունքների վրա և կազմակերպելով իշխանությունն այնպես, որոնք, ըստ նրա, լավագույնս կյանքի կկոչեն իր ապահովությունն ու երջանկությունը»»։
Հիշեցնենք, որ երեկ դեսպան Լին Դեսպան Թրեյսին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր.
«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։