Իշխանությունները պետական գերատեսչությունները հեռու կպահեն իրենց ոչ ցանկալի լրագրողներից
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն տվեց և Ազգային ժողովի խորհրդին առաջարկեց մայիսի 24-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստերի օրակարգ ընդգրկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, և նրա երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը: Օրինագծում ասվում է, որ պետական հաստատություններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե նրանք խախտեն կառույցի սահմանած կանոնները: «Զանգվածային լրատվության մասին» օրենքի գործող կարգավորմամբ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն լրատվական գործունեություն իրականացնողի ուղարկած դիմումի համաձայն:
Արթուր Հովհաննիսյանն իր առաջարկը հիմնավորելիս նկատել է, որ օրինագծի քննարկմանը ներկա չեն ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներն, այլև՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները և հրապարակել է իր հիմնավորումը. «Գործնականում մենք բազմաթիվ օրինակների ենք հանդիպել, երբ կոնկրետ լրատվամիջոցների լրագրողները պարբերաբար խախտում են պետական մարմիններում, մասնավորապես՝ Ազգային ժողովի աշխատանքային գոտում գործող կանոնները, ինչի մասին նախազգուշացվում են պետական մարմնի կողմից տվյալ լրատվական գործունեություն իրականացնողները, սակայն դրան չի հետևում որևէ գործողություն լրատվամիջոցների կողմից»:
Օրենքի համահեղինակը զարգացնելով իր միտքը՝ ասել է, որ նախազգուշացում ստացած լրատվամիջոցի լրագրողները շարունակում են պարբերաբար խախտել աշխատանքային կանոնները:
«Նրանք խախտել են նաև լրագրողական էթիկայի կանոնները, ընդհուպ՝ վիրավորելով, սպառնալով պատգամավորներին և խաթարելով ոչ միայն Ազգային ժողովի, այլև հենց իրենց գործընկերների բնականոն աշխատանքը»,-հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը:
Վերջինս տեխնիկական փոփոխություն է համարել, նախագիծը, որով առաջարկվում է պետական հաստատությանը հնարավորություն տալ՝ զրկել լրագրողին հավատարմագրումից, եթե նախազգուշացում ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնի խախտի պետական մարմնի աշխատակարգի կանոնները և լրագրողների հավատարմագրման կարգը:
Պատգամավորը սակայն շտապել է հայտնել, որ հավատարմագրումից զրկված լրագրողին լրատվամիջոցը կկարողանա փոխարինել և շարունակել լուսաբանել պետական հաստատության աշխատանքը:
«Ոչ հասցրել եմ ծանոթանալ նախագծին, ոչ էլ իրենց խոսքերին: Համենայն դեպս մի բան պարզ է, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ լռեցնեն և լրագրողներին և յուրաքանչյուր քաղաքացու, ինչքան որ կկարողանան»,-Ֆրանսիայի հրապարակից Panorama.am-ի մեկնաբանության խնդրանքին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Panorama.am-ի դիտարկմամբ՝ օրենքի նախագծով, ըստ էության, խոսքի ազտությունը սահմանափակող իրավական այս գործիքը կամայական՝ ըստ քաղաքական և անձնական առաջնահերթությունների և նախասիրությունների օգտագործելու լայն հնարավորություն է ընձեռվում: Բանն այն է, որ նախագիծը մշակելիս չի պահպանվել իրավական նորմի կարևոր սկզբունքը՝ որոշակիությունը, քանի որ ինչպես կառավարության սահմանած Պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը, այնպես էլ այդ մարմինների աշխատակարգերը ոչ միանշանակ, վիճարկելի և ոչ հստակ դրույթներ են պարունակում, որոնք անկասկած կօգտագործվեն քաղաքական նախասիրություններով պետական մարմինները ոչ նախընտրելի լրագրողներից և լրատվամիջոցներից հեռու պահելու նպատակով:
Ա. Վարդանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան