Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանական պատի հետևում. Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը ի վիճակի է ապահովել երկրի անվտանգությունը
Մինչ բազմաթիվ ոստիկաններ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներից պաշտպանում էին «Մարիոթ» հյուրանոցն ու դրա մուտքերը, Նիկոլ Փաշինյանը ներսում ելույթ է ունեցել ու խոսել Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներից։
«Նախ ողջունում եմ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» անցկացումը: Կարծում եմ, որ այս վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է Հայաստանի Հանրապետութունը, նույնիսկ՝ ճիշտ ժամանակն է այս ֆորումն անցկացնելու: Այն անցկացվում է ճիշտ խորագրի ներքո, որովհետև ես սովորաբար ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային հիմնական բրենդն է»,-մասնավորապես նշել է նա։
Կառավարության տարածած ելույթում նաև ասված է.
«Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, շատ մեծ ցնցումների միջով անցավ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Չգիտեմ, թե ինչքանով է դա մտնում այսօրվա միջոցառման արարողակարգի մեջ, բայց քանի որ համաժողովը կոչվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում», կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է և անկյունաքարն է։
Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը:
Եվ ինչքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: Երկրորդ հարցի պատասխանը միանշանակ է, և այն ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունն այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է:
Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո՛, նաև ի վիճակի է ապահովել երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը: Այս առումով, ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին»։
«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին ներկա են եղել նաև պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան