Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ
ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է 48 վերապատրաստող կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց։ Ուսուցիչները հնարավորություն ունեն ընտրելու նշված կազմակերպություններից և դասընթացներից որևէ մեկը: Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այս մասին հայտարարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ստեղծված են նախադրյալներ` ուսուցչի վերապատրաստման դասընթացների մեխանիզմը կատարելագործելու և նորովի գործարկելու համար»,- նշել է նա` միաժամանակ կարևորելով ի հայտ եկած խնդիրները քննարկելու անհրաժեշտությունը:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ անցյալ տարի պարտադիր ատեստավորման նպատակով վերապատրաստվել են շուրջ 6700 ուսուցիչներ, այս տարի նախատեսվում է ավելի քան 14 000 ուսուցիչների վերապատրաստում: Փոփոխություններ են կատարվել ուսուցչի վերապատրաստման և կազմակերպությունների երաշխավորման կարգերում:
«Փորձել ենք հնարավորինս կրճատել գործընթացի թղթաբանությունը: Մեր հանդիպման հիմնական նպատակը, փոփոխություններով պայմանավորված, աշխատանքային և կազմակերպական հարցերի քննարկումն է»,- նշել է նախարարի տեղակալը:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հայտարարված է մրցույթ` երաշխավորված կազմակերպությունների ցանկի համալրման նպատակով, որին կարող են մասնակցել նախարարության սահմանած չափանիշներին բավարարող բոլոր կազմակերպությունները:
Հարակից հրապարակումներ`
- Աղասի Միքայելյան. Որպես առավելագույն հավելավճար ստացող ուսուցիչ ասում եմ՝ ուսուցչին դրանով չեք լռեցնելու
- Ատեստավորման մրցույթի կազմակերպման ընթացակարգում կոռուպցիոն ռիսկեր կան․ Ուսուցիչ