ԱՄՆ-ն պատրաստ է «աջակցելու» Հայաստանին և Ադրբեջանին
ԱՄՆ-ն միանշանակ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային աջակցելուն: Շարունակական երկխոսության կոչ ենք անում կողմերին և հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը, օգտագործել ուղիղ երկխոսության համար գոյություն ունեցող մեխանիզմները և ձգտել գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համար, ինչպես նաև կարգավորել փոխհարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով»,- նշել է Փրայսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:
Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի իր գործընկերների հետ վերջին շփումներում անդրադարձել է սահմանի սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների ապաշրջափակման և գերեվարված հայ անձանց վերադարձի հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մայիսի 22-ին կմեկնի Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպելու
- Աշոտյանի տեղեկություններով՝ մայիսի 23-ին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլի և Ալիևի հերթական հանդիպումը
- «Բանակցությունների արդյունքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորությունը»