Երևանում փորձում էին բեմադրել ժողովրդավարության թատրոնը․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ վաղը՝ Փաշինյանի Բրուսելյան այցին ընդառաջ սպասվում է հանրահավաք։
«Վաղը ժ․18․00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկելու է հերթական հանրահավաքը։ Մասնակցելով հանրահավաքին դուք «ՈՉ» եք ասում այս կապիտուլյանտին և երկիրը նոր զիջումների տանելուն։ Ձեր մասնակցությամբ դուք հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, որը ժողովրդին մոլորեցնելով հայտնվել է իշխանության ղեկին , այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խոսելու և ՀՀ -ն ներկայացնելու»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Բրյուսել այցից առաջ վաղվա հանրահավաքը կարևոր է։ Բացի այդ, նրա խոսքով՝ հանրահավաքի ընթացքում կներկայացվեն պատկերացումները, հայեցակարգային մոտեցումներն՝ Արցախյան հիմնախնդրի և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ։
«Ադրբեջանը և Թուրքիան խիստ անհանգստացան են Հայաստանում իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ճակատագրով և փորձում են արագացնել պրոցեսը»։
Իշխան Սաղաթելյանը նաև ամփոփեց այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ նշելով, որ ՀՀ արժանապատիվ քաղաքացին հստակ փոխանցել է այն ուղերձը, որ վարչապետի առոթը զբաղեցնող անձը չունի որևէ մանդատ՝ հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու և հայ ժողովրդին որևէ միջազգային հարթակում ներկայացնելու համար։
«Այսօր Հայաստանում է Լիտվայի նախագահը և մեր հայրենակիցները ողջ օրվա ընթացքում ներկա եղան գրեթե բոլոր հանդիպումներին, բարձրացրեցին իրենց ձայնը առ այն, որ օրվա իշխանությունը չի արտահայտում ժողովրդի կամքը և չունի որևէ լեգիտիմություն։ Ժողովրդավարությունից խոսող իշխանությունն այսօր երբ Լիտվայի նախագահը ժամանում էր շենք, 800 մետր տարածության վրա նույնիսկ քաղաքացիների շարժն էին արգելել և մայթերից բերման էին ենթարկում»
Ինչ վերաբերում է Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած՝ «ժողովրդավարությանը նվիրված միջոցառմանը», ապա Սաղաթելյանի գնահատմամբ՝ Երևանում փորձում էին բեմադրել ժողովրդավարության թատրոնը։
«Երկաթե վարագույրների հետևում,ժողովրդի թիկունքում՝ ոստիկանական շղթաներով պաշտպանված, ժողովրդավարության մասին ֆորում էր տեղի ունենոմ։
Երբ ժողովուրդը մոտեցավ հյուրանոցին՝ ներկայացնելու քաղբանտարկյալների, բոլոր բռնությունների մասին իրական տվյալները և պատգամավորները փորձ արեցին` ներկա լինելու ժողովրդաավարության մասին տեղի ունեցող միջոցառմանը, պարզապես արգելեցին ընդդիմադիր պատգամավորների մուտքն այդ ֆորումին»,- տեղեկացրեց պատգամավորը։