Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
«Մենք ունենք ծրագիր, որն իրագործելու ենք մինչև վերջ։ Մեր ծրագիրն է ունենալ հզոր, անվտանգ Հայաստան ու Արցախ, մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ քաղաքացի։ Մենք դրա համար պատրաստ ենք անել ամեն ինչ ու անելու ենք»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ասում եք պայքարը վճռական փուլ է մտել, որևէ վճռական գործողություններ չենք տեսնում, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Վճռական գործողություն ասելով ի՞նչ եք պատկերացնում։ Վճռական գործողություն չէ՞ Ֆրանսիայի հրապարակը, Երևանի կենտրոնը փակ պահելը, վճռական գործողություն չէ՞ սուր քաղաքական ելույթները։ Վճռական գործողություններ չե՞ն օրեցօր մեր շարժմանը միացող մարդիկ, հանրության տարբեր շերտերի միացումը պայքարին։
Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների։ Մենք պետությունը և պետականությունը հասկացող և գնահատող մարդիկ ենք, մենք անելու ենք ամեն ինչ այնպես, որպեսզի երկրում ոչ արյուն լինի, ոչ բռնություն, մենք կարողանալու ենք մեր ժողովրդի աջակցությամբ հասնել այս իշխանության հեռացմանը»։
Ա. Վանեցյանն ասաց, որ ժողովուրդն է որոշելու, երբ պետք է փոխվի իշխանությունը․ «Ժողովուրդը հենց դուրս եկավ փողոց և իր վճռական խոսքն ասաց, որ պետք է այս իշխանությունները գնան, մենք այդ ամենը կարողանալու ենք փաթեթավորել, տանել առաջ։ Մենք լինելու ենք կանգնած առաջնագծում, առաջնորդելու ենք այս շարժումը, որևէ բան չենք խնայելու արդյունքի հասնելու համար»։
Իսկ եթե ժողովուրդը դուրս չգա փողոց, այդ սցենարը հաշվի առե՞լ եք հարցին ի պատասխան նա ասաց. «Իրականում իրավիճակ է փոխված երկրում և հատկապես Երևանում։ Երբ շրջում ենք Երևանի փողոցներով, սկսած կենտրոնից, ավարտած ծայրամասերով, մենք տեսնում ենք, որ գրեթե բոլորը 100 տոկոս քաղաքացիներ մեզ ողջունում են։ Մենք փակում ենք ճանապարհ, փակ է մնում 10, 30, 40 րոպե, բացում ենք, խցանման մեջ մնացած մեքենաները, մեր կարծիքով, որ պետք է դժգոհեն, ողջունում են մեզ, ասում են՝ լավ եք անում, ապրեք, ձեր հետ ենք։ Բայց ցավն այն է, որ այդ մարդիկ դուրս չեն գալիս փողոց, նստում են, խոսում են տներում, բակերում, աշխատասենյակներում»։
Ա. Վանեցյանը հիշեցրեց ավելի վաղ արտահայտած միտքը՝ քաղաքացիները չեն վստահում այս հարթակին, թող ձևավորեն այլընտրանքային հարթակ, թող ուրիշներն անեն, ոչ մեկ չի մոնոպոլիզացրել այս դաշտը, սա համազգային շարժում է, հայ ժողովրդի շարժումն է։
Հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում շարժման վարչապետի թեկնածուի անունը, որպեսզի մարդիկ իմանան, ում հետևից են գնում, նա պատասխանեց. «Այդ հարցը շատ են տալիս, բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք պետք է հայտարարենք, թե ով է լինելու վարչապետի թեկնածու, արդյո՞ք պետք է չհայտարարենք։ Չունեմ այդ հարցի պատասխանը։ Այդ հարցը պետք է քննարկենք։ Չենք քննարկել, պետք է քննարկենք, այդ հարցի պատասխանը պետք է ստանալ։ Այդ մտահոգությունն ու հարցը կա հանրության մի շրջանում։ Խոստանում եմ՝ այդ հարցը բարձրացնել շարժման առաջնորդների շրջանում և փորձենք հասկանալ»։
Ա. Վանեցյանը վստահեցրեց, որ շարժման առաջնորդներն այս հարթակում գտնվող մարդիկ են, այլ մարդիկ չկան, նշեց, որ իրենց շարքերում բաժանումներ, պառակտումներ չկան։
«Եթե դա է խնդիրը, հավատացեք, ամենահեշտ լուծվողն է, մեզանից որևէ մեկը չունի ամբիցիա լինելու միակ ու անփոխարինելի առաջնորդը։ Չկա նման մարդ։ Առաջնորդն այս հրապարակում է ծնվելու։ Եկեք չփնտրենք պատճառներ, թե ինչու չեն գալիս հրապարակ։ Դուրս եկեք հրապարակ, դուրս եկեք պայքարի, հաղթանակն անխուսափելի է լինելու»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու
- Արթուր Վանեցյան. Չեն մարսելու
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
- Արթուր Վանեցյան. Ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան, փորձում է կրծել ապագան, թույլ չենք տա
- Վանեցյան. Անձրևը մեր նահատակված տղեքի արցունքներն է, քանի որ չենք կարողացել ազատվել իրենց զոհած իշխանություններից
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի
- «Հրապարակ». Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը արագ ապաքինվի եւ շարքեր վերադառնա
- Վանեցյան. Հանունի պայքարը շարունակվում է, հուսահատվել չկա
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան