ՔԿ. Հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:
Քննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերջիններս, մի խումբ անձանց հետ, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: