«Ապրեք երեխեք ջան, շատ ապրեք». քաղաքացիները՝ մետրոյի կայարանի մուտքերը շրջափակած երիտասարդներին
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Երևանի մետրոպոլիտենում ակցիա իրականացրեցին՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը։ Կարմիր բերետավորները մի քանի երիտասարդների կոպիտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին։ Դրանից հետո, ի նշան բողոքի, որ ոստիկանները բիրտ գործողություններ իրականացնելով բերման են ենթարկել իրենց ընկերներին, երիտասարդները շրջափակեցին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկու մուտքերը։
«Արցախ», «պայքար», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան» , «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական» վանկարկում են երիտասարդները։
«Ապրեք երեխեք ջան, շատ ապրեք»,- արձագանքում են քաղաքացիները, ովքեր ցանկանում են մտնել մետրոյի կայարան, սակայն սպասում են մինչև երիտասարդներն ավարտեն իրենց անհնազանդության գործողությունը։
«Ինչքան ոստիկաները փորձեն մեզ ճնշել, բռնություն գործադրել, պատասխանը կրկնակի է լինելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Երիտասարդները մի քանի րոպեից բացեցին մուտքերը։ Այս ընթացքում որևէ կարմիր բերետավոր տարածքում չկար։
Հարակից հրապարակումներ`
- «Մի պոկեք Արցախի դրոշը» հորդորին մետրոյի աշխատակցուհին պատասխանեց՝ «աղջիկ ջան, գնայիր կռվեիր»
- Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդները բերման ենթարկվեցին
- Ավտոերթեր՝ Երևանում
- Առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ. Իշխան Սաղաթելյան