Զոհված զինծառայողների հարազատները պահանջել են որպես կողմ ներգրավվել
Վերաքննիչ քրեական դատարանում իրավիճակը կրկին լարվել է։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են որպես կողմ ներգրավվել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննության շրջանակներում։
«Փաստինֆո»-ի հզորդմամբ՝ մինչ բողոքի ըստ էության քննությանն անցնելը՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը բարձրաձայնեցին՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներին սույն վարույթով ներգրավելու անհրաժեշտության մասին՝ կա՛մ որպես երրորդ անձ, կա՛մ որպես դատավարության մասնակից։
Հակոբ Մարտիրոսյանն ընդգծեց՝ պետական իրավասու մարմնի անգործության հետևանքով զոհված զինծառայողների ծնողները տուժողի իրավահաջորդ տևական ժամանակ չէին ճանաչվել, դատավարական կարգը խախտված է եղել, զոհված զինծառայողների 27 ծնող վերջերս է ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ և առաջին ատյանի դատարանում նրանք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քննությանը։
Դատախազն առարկեց՝ նշելով, որ չի հասկանում տրամաբանությունը՝ ինչու այս բողոքի շրջանակներում տուժողների իրավահաջորդները պետք է ներգրավվեն։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, հրաժարվեց զոհված ու գերեվարված զինծառայողների հարազատներին ներգրավել որպես կողմ՝ նշելով, թե սույն բողոքի շրջանակներում որպես շահագրգիռ կողմ կարող են հանդես գալ այն անձինք, որոնք հաղորդման կապակցությամբ գտնվում են քրեադատավարական իրավահարաբերության մեջ։ Իսկ տվյալ պարագայում, ըստ դատարանի, կողմեր են հանդիսանում մի կողմից հաղորդում ներկայացնող անձը, մյուս կողմից՝ քրեական հետապնդման մարմինները, որոնք այս գործով ներգրավված են և շահագրգիռ անձանց ներգրավման համար դատարանը հիմքեր չի տեսնում։
Դատական նիստերի դահլիճում գտնվող ծնողները վրդովվեցին, հայտարարեցին՝ այսպես չի մնալու, իսկ այն բանից հետո, երբ նախագահող դատավորը նկատողություն տվեց՝ հորդորելով լռություն պահպանել։
«Եթե այսօր մեզ չհարգելով մեզ ձայնից կտրում եք՝ ես էլ Ձեզ ինչ ասեմ, պարոն դատավոր»,- հայտարարեց Արսեն Ղուկասյանը, ինչից հետո դատարանում կրկին իրարանցում սկսվեց։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին