ՔԿ-ն ԱԱԾ ՊՊԾ պետի գործողությունների փաստով քրեական գործ դեռ չի հարուցել
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից մայիսի 2-ին լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու, հավաքի մասնակիցներից մեկի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ քննչական կոմիտեում դեռ քրեական գործ հարուցված չէ։
«Ստացած հաղորդումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում»,-Panorama.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա անպատասխան թողեց հարցերը, թե անցած շաբաթների ընթացքում քննչական ի՞նչ գործողություններ է իրականացրել կոմիտեն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել է մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողների աշխատանքը, բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։
Լրագրողական կազմակերպությունները երեկ տարածած հայտարարությամբ պահանջեցին ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։
Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց՝ Սարգիս Հովհաննիսյանի արածն օրենքի կոպիտ խախտում է։
«Դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով»,-նշել էր նա։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել էր. «ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաև ՊՊԾ պետի և աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։ Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում են պատրաստում, կուղարկեն դատախազություն:
«Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել էր նա։
Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի կողմից կիրառած բռնությունը, սպառնալիքը բուռն քննադատության արժանացավ սոցցանցերում։ Օգտատերերից մեկն օրինակ առաջարկել էր, եթե Սարգիս Հովհաննիսյանը քացի տալու սովորություն ունի, ապա պետք է կապել հետևի ոտքերը։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն իրավաչափ չի լինի, քանի դեռ արգելանքի չեն վերցվել «քացի տվող» ՊՊԾ պետը. Իրավապաշտպան
- «Ժողովուրդ». ՊՊԾ պետի բացատրությունները լսելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` հարուցել քրգործ դեպքի առթիվ, թե ոչ
- ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը քննչական կոմիտեն ստացել է
- «Ժողովուրդ». ՊՊԾ պետին կկանչեն Քննչական կոմիտե
- Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե
- Պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին. Լրագրողական կազմակերպություններ
- ՀԺՄ. ՊՊԾ պետը ոչ թե առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող
- Թաթոյանը՝ ՊՊԾ պետին ու նրա ենթականերին. Չհամարձակվե´ք
- Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի քացի տալու տեսանյութը
- Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի