«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ է. պաշտոնյաներից շատերը հայտարարագիր չեն ներկայացրել
«Ժողովուրդ». Տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, բայց շատ պաշտոնյաներ այդ կարեւոր գործը էլի թողել են վերջին օրերին:
Գաղտնիք չէ, որ հայտարարագիր ներկայացնելուց նաեւ այլ փաստաթղթեր էլ են անհրաժեշտ, երբեմն բանկերից քաղվածքներ, նոտարից ու կադաստրից տեղեկանքներ եւ այլն, ու այս հանգամանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ ու գերլարված իրավիճակ է ստեղծել: Ավելին՝ թեեւ ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հայտարարատու պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը:
Դրա հետեւանքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը երբեմն խափանվում է: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, որն ի պատասխան հայտնեց. «Այդպես չէ, որ շատերը չեն ներկայացրել հայտարարագիրը:
Բավականին թվով հայտարարատուներ ներկայացրել են արդեն, բայց սովորաբար բոլորը այդ վերջին պահին են լրացնում. այդպես չէ, որ խնդիր են ունեցել: Ծանրաբեռնվածությունը զուտ կայքի հասանելիության խնդիրն է, տեխնիկապես արդեն դժվար է սպասարկում, մեկ էլ զանգերն են շատ, բայց, նախորդ տարիների համեմատ, ավելի է կատարելագործվել գործընթացը եւ այս պահին ավելի բարվոք վիճակում է», - նշեց նա:
Հավելենք, որ հայտարարագիր լրացնելը խիստ կարեւոր գործընթաց է կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից, սակայն անգամ իշխանական շատ գործիչներ դրան մատերի արանքով են նայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին